Այս օրերին հանրապետությունում աշխատում է 420 միավոր տեխնիկա, ընդհանուր առմամբ 600-650 մարդ է աշխատում, մի շարք ճանապարհներին ունենք դժվարություններ: Նախկինում ՀՀ-ի 38 սպասարկման տարածքներում աշխատում էր 305 տեխնիկա: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 25-ի նիստին տեղեկացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Նախկինում հանրապետական և միջպետական ճանապարհներին մենք ունեինք աղ-ավազը «լապատկով» ցանելու ավանդույթը, հիմա տեխնիկայով ենք անում: Իհարկե, այստեղ մի տարբերություն կա. երբ «լապատկայով» էինք ցանում, աղը տեսանելի էր մի քանի մետրը մեկ, հիմա տեխնիկան ընդհանուր է լցնում, և հաճախ տեխնիկան անցնում է, ասում են՝ ցանված չէ, բայց տեխնիկայի վրա դրված են GPS սարքավորումներ, և մենք տեսնում ենք՝ որ ճանապարհներին է ցանվել»,- ասաց նախարարը: Վարչապետը նկատեց՝ կարևոր չէ, որ երևա՝ աղը ցանվա՞ծ է, թե՞ չէ, կարևորն այն է, որ վարորդը տեսնի, որ մաքուր է ճանապարհը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ առավոտվա դրությամբ միակ ճանապարհը, որ բոլոր տեսակի մեքենաների համար փակ է, Վարդենյաց լեռնանցքն է, որտեղ հիմա ակտիվ աշխատանքներ են իրականացվում, այն օրվա մեջ կբացվի:
«Բայց ունենք ճանապարհներ, մասնավորապես՝ Սարավան, Գնդեվազ, Ջերմուկ ուղղություններով, բեռնատարների համար փակ է: Ջուջևանի հատվածում ունենք դժվարանցանելի հատված, և բեռնատարների համար փակ է: Վանաձոր-Դիլիջան և Մեղրու ու Ստեփանավանի լեռնանցքներ՝ այս հատվածները բեռնատարների համար փակ են:
Մենք հետևյալ խնդրին էլ ենք բախվում. երբ բեռնատարների կցորդիչի անվադողերը ձմեռային չեն լինում, և հաճախ բեռնատարը դառնում է պատճառ ճանապարհի փակ լինելու, որը ընդհանուր և՛ երթևեկության, և՛ սպասարկող ընկերության համար է դառնում խնդիր, որ մոտենան և սպասարկեն ճանապարհը: Վերջին օրերին բազմաթիվ նման դեպքեր ունենք, նաև դա է բերում դրան, որ մենք, ոստիկանության հետ աշխատելով, բեռնատարների համար փակում ենք [ճանապարհը], որ այդ խնդիրը չստեղծվի»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ոչ ձմեռային անվադողերով երթևեկելը վարչական պատասխանատվություն չի՞ սահմանում, ապա նաև կարծիք հայտնեց, որ եթե իրավաբանական անձի է պատկանում բեռնատարը, ապա պետք է սահմանել պատասխանատվություն և՛ վարորդի, և՛ իրավաբանական անձի համար:
Նախարարը նշեց, որ այս մասով կարգավորումների և խստացումների կարիք կա: Նոր փոփոխություններ են նախաձեռնվել, որպեսզի ձմռանը ձմեռային անվադողերով երթևեկեն: