Արևմուտքը որոշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ՌԴ դերակատարումը սխալ է, և փորձում է նրանց «հրապուրել» Բրյուսելով, Փարիզով և Վաշինգտոնով: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ՄԱԿ ԱԽ հանդիպումների արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում:
«Անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշիչ դեր է խաղացել 2020-ի նոյեմբերին պատերազմի դադարեցման և բարձրագույն մակարդակով հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ փաստաթղթերի համաձայնեցման հարցերում։ Այդ փաստաթղթերով սահմանված են կարգավորման առանցքային պարամետրերը, այդ թվում` սահմանների սահմանազատման, առևտրային և տրանսպորտային երթուղիների ապաշրջափական և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերը»,- ասել է նա:
Խոսելով ԼՂ ռուս խաղաղապահների մասին` Լավրովն ընդգծել է, որ այդ հարցը չի վերաբերում հայկական կողմին, այն Մոսկվա-Բաքու երկկողմ հարաբերությունների տիրույթում է:
«Ղարաբաղում, իրոք, դեռ մեր խաղաղապահներից մնացել են այն բանից հետո, երբ բոլորը Ղարաբաղը ադրբեջանական տարածք ճանաչեցին: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այս թեման քննարկել են, նրանք միակարծիք են, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում` տարածաշրջանում վստահության և կայունության ամրապնդման հարցում, ինչպես նաև Ղարաբաղի բնակիչների վերադարձին նպաստելու առումով»,- ասել է նա: