ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է առանցքային նահանգներից մեկում՝ Նյու Հեմփշիրում կայացած հանրապետականների փրայմերիզում՝ ստանալով ձայների գրեթե 55%-ը։
Այդպիսով, Թրամփը ստացել է հանրապետական պատվիրակների առնվազն 11 ձայն, իսկ նրա միակ մրցակից Նիկի Հեյլին՝ 8։ Հանրապետականները Նյու Հեմփշիրում ունեն ընդհանուր առմամբ 22 պատվիրակ։
Հանրապետականի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է ապահովել 1215 պատվիրակների ձայները։ Թեկնածուի անունը հայտնի կդառնա կուսակցության հուլիսին կայանալիք համագումարում։
Նիկի Հեյլին շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ՝ ասելով. «Նա արժանի էր դրան, և ես դա ընդունում եմ»:
Միաժամանակ նա հայտարարել է պայքարը շարունակելու մտադրության մասին.
«Նյու Հեմփշիրն առաջինն է, բայց ոչ վերջինը: Այս մրցավազքը հեռու է ավարտվից: Առջևում տասնյակ նահանգներ կան»։
Հեյլին ժպտալով նշել է, որ հաջորդ փուլը տեղի է ունենալու իր հայրենի նահանգում՝ Հարավային Կարոլինայում, որտեղ նա երկու ժամկետով նահանգապետ է եղել։