Հայաստանի աշխատաշուկայում կյանքի ու տնտեսության, սպասարկման ոլորտի կադրային դարբնոցը հզորացնելու պահանջը դարձել է հրամայական բոլորիս համար: Միասին պետք է գտնենք համագործակցելու և կրթության միջոցով տնտեսությունը հզորացնելու ճանապարհը: Այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հունվարի 24-ին հրավիրված ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Բացման խոսքում հանձնաժողովի նախագահը նշել է, որ լսումները հրավիրվել են` նկատի ունենալով մասնագիտական կրթության ոլորտի կարևորությունը: Քննարկումներին հաջորդելու են «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի լրամշակված նախագծի ընդունումը, ինչպես նաև ենթաօրենսդրական ակտերի մշակումը գործադիր մարմնի կողմից:
Սիսակ Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել տեղական և միջազգային այն կազմակերպություններին, որոնք տևական ժամանակ իրենց ներդրումն ու աջակցությունն են ցուցաբերել ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացման գործին:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծի կարգավորումներին` նշելով, որ դրանց մեծ մասն ամրագրված է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում»:
«Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ամրապնդվում են սոցիալական գործընկերության հարաբերությունները` կողմերին դիտարկելով որպես կրթության պլանավորման, իրականացման մասնակից և որակի համար պատասխանատու կողմ: Սկզբունքը համընդհանուր համաձայնեցված նպատակների իրագործումն է: Պետությունը կրթության որակն ու աշխատաշուկայի համապատասխանությունն ապահովելու նպատակով ցուցաբերել է քաղաքական կամք` հայտարարելով պետություն-մասնավոր հատվածի համագործակցության մասին»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը` մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հորդորելով այս մասով ներկայացնել իրենց կարծիքներն ու առաջարկները: ,Առաջիկայում կնախաձեռնենք նաև լրացուցիչ աշխատանքային քննարկում համապատասխան կառույցների և մասնավոր հատվածի հետ` հասկանալու, թե կրթությունից և պետությունից ինչ ակնկալիքներ կարող են ունենալ մասնավոր հատվածի կազմակերպությունները, և ինչը կխթանի իրական համագործակցությունը»,- նշել է նա:
Մասնավորապես նշվել է, որ նախատեսվում է ունենալ ՄԿՈՒ հաստատությունների մեկ տեսակ` «քոլեջ» տիպը: Ներդրվելու է մասնագիտական կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմ, որով փորձ է արվելու անցնել ուսանողի ֆինանսավորման մեկ ձևի` կրթաթոշակի:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է օրենսդրական բարեփոխումների մանրամասները, կրթության ոլորտի բարեփոխումների համատեքստում կարևորել ԱԺ գլխադասային հանձնաժողովի հետ համագործակցված ու շարունակական աշխատանքը: Նա երախտագիտություն է հայտնել բոլոր գործընկերներին շուրջ երկու տարի և ավելի այս նախագծի շուրջ աշխատելու համար:
Շնորհավորելով ներկաներին այսօր նշվող Կրթության միջազգային օրվա առթիվ` նախարարը համոզմունք է հայտնել, որ մեր առաջնահերթ խնդիրն է կրթական և սոցիալական քաղաքականությունների համադրմամբ հարթ ու տեսանելի դարձնել որակյալ մասնագիտական կրթություն ստանալու ճանապարհը բոլոր քաղաքացիների համար: Նրա խոսքով մեր երկիրը ժառանգել է ՄԿՈՒ համակարգ, որը սպասարկում էր բոլորովին այլ տնտեսություն` այլ կառուցվածքով և մասշտաբներով: Ոլորտում ակնհայտ է թե՛ մասնագիտությունների, թե՛ ենթակառուցվածքների վերանայման օպտիմալացման արդիականացման խնդիրը: Ժաննա Անդրեասյանը կարծիք է հայտնել, որ պետությունն այս հարցում պետք է միայնակ չլինի, մասնավորի հետ համագործակցությունն այլընտրանք չունի: Նրա խոսքով՝ պետք է վերանայվեն նաև ֆինանսավորման չափորոշիչները, որոնք, բացառությամբ որոշ դեպքերի, չեն վերանայվել 90-ականներից սկսած` գործող չափորոշիչները հիմնականում չեն արտացոլում ներգրավված ծախսերի իրական մակարդակը, ոլորտում պետք է ներդրվեն կրթության կազմակերպման, ներառականության, որակի ու շարժունության ապահովման, միջազգայնացման որակյալ քաղաքականություններ և գործիքակազմեր:
Առաջարկվող օրենսդրական բարեփոխումները, ըստ նախարարի, ունենալու են հեղափոխական նշանակություն ոլորտի համար: Առաջինը` հասկացությունների և սահմանումների ներդաշնակեցումն է. օրենքը կոչվում է «Մասնագիտական կրթության ու ուսուցման մասին»: Նախարարն ընդգծել է, որ ոլորտի անվանումը միջազգայնացման տրամաբանությանն է համապատասխանեցվում` ներառելով թե՛ որակավորում տվող ֆորմալ կրթության, թե՛ ոչ ֆորմալ կրթության ուսուցման հնարավորությունը: Նա հավելել է, որ սա տալիս է ճկունության հնարավորություն, որը բերելու է միկրոորակավորումների շնորհմանը:
Վերացվում է մասնագիտական ուսումնական հաստատությունների երկու տեսակների` քոլեջների և ուսումնարանների միջև տարբերակումը, գործելու է միայն քոլեջ տեսակը` պահպանելով կրթական ծրագրերի մակարդակները` արհեստագործական և միջին մասնագիտական ուղղություններով:
Կարևոր փոփոխություններից է աշխատանքի վրա հիմնված ուսուցման ինստիտուցիոնալ ներդրման հնարավորությունը, որով, ըստ նախարարի, ամփոփվում է վերջին հինգ տարիներին փորձարկվող դուալ կրթության փորձառությունը: «Դրա հիման վրա է, որ օրենքում տրված են այն ձևակերպումները, որոնք օգնելու են կրթության կազմակերպման համար մեր հիմնական նշանաբանը դարձնենք` «Աշխատենք` սովորելով» կամ «Սովորենք` աշխատելով» կամ «Աշխատենք և սովորենք»: Սա դառնալու է ՄԿՈՒ ոլորտում կրթության կազմակերպման հիմնական ձևը»,- շեշտել է Ժաննա Անդեասյանը: Ներդրվում է նաև դուալ կրթության համակարգող մարմինը: Այս պահին 20 հաստատություններում շուրջ 24 մասնագիտություններով ունենք դուալ կրթությամբ իրականացվող ծրագրեր:
Հաջորդ բաղադրիչը կրթության կառավարման ու կազմակերպման համագործակցային մոդելի ներդրումն է, սոցիալական գործընկերության պատասխանատվությունը: Օրենսդրական փաթեթով անցում է կատարվում կրեդիտային համակարգի որակավորումների ազգային և ոլորտային շրջանակներին: Արմատապես վերանայվել են կրթական ծրագրերի իրականացման մեթոդաբանական հիմքերը, վերանայվել են որակի ապահովման և վերահսկողության կառուցակարգերը: Վերափոխվել է բուհերի կառավարման համակարգը, կառուցվածքը, ապահովվել է կառավարման խորհրդի ձևավորման ներկայացուցչական կազմը: Էապես փոխվել է համակարգում լիցենզավորման մոտեցումը. երկու տեսակի լիցենզավորում է իրականացվելու` գործունեության իրավունքի և կրթական ծրագրով լիցենզավորում: Վերափոխվում է ֆինանսավորման համակարգը. հիմքում կրթական ծրագրի ապահովման արժեքն է: Ի տարբերություն կրթության ոլորտի` այստեղ հիմքում դրված է մեկ ուսանողի կրթության արժեքը: «Մենք ունենք համոզմունք, որ մեր քոլեջները պետք է լինեն մրցունակ և ներգրավվեն ուսանողների: Հետևաբար, մեկ ուսանողի կրթության արժեքով ձևավորելով ֆինանսավորման տրամաբանությունը` նաև խրախուսելու ենք մրցակցությունը»,- ընդգծել է կրթության բնագավառի պատասխանատուն և հավելել, որ ոլորտում էապես զարգացել են ձեռնարկատիրական գործունեության իրականացման հնարավորությունները:
Նախարարը նշել է, որ ներդրվում է մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգ: Քոլեջների աշխատակիցները կունենան 200.000 դրամի չափով դրույքաչափի վերանայման հնարավորություն, այնուհետև արդյունքներով պայմանավորված` 30, 40 և 50 տոկոսի չափով հավելավճարի ստացման:
Էական փոփոխություն է ուսանողների իրավունքների և պարտականությունների կարգավորումը: Ըստ Ժաննա Անդրեասյանի` աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը պահանջում է նաև ուսանողների այնպիսի իրավունքներ, որոնք պետք է հաշվի առնվեն աշխատավայրում կամ աշխատանքին հարմարեցված վայրում նրանց գործունեության կազմակերպման ընթացքում: Դա վերաբերում է թե' ապահովագրությանը, թե' բժշկական զննությանը և այլն:
ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ կրթաթոշակային քաղաքականությունն է ոլորտում էապես փոխվել. սեպտեմբերից գերակա ուղղություններով մինչև 50.000 դրամի կրթաթոշակի հնարավորություն է տրվել արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում, ինչն արդեն հանգեցրել է այս ուղղություններով ընդունելության էական աճին:
«Ներառականությունը ոլորտի համար դարձրել ենք պարտադիր բաղադրիչ, և ներառական կրթությունը դառնում է յուրաքանչյուր ուսանողի կրթության իրավունքի ապահովման երաշխիք` կրթության մատչելիության, հավասար մասնակցության և որակի ապահովման միջոցով»,- հավաստիացրել է Ժաննա Անդրեասյանը:
«Մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր համակարգ կրում է համապատասխան տնտեսական, սոցիալական, քաղաքական շրջանակային պայմանների ազդեցությունը»,- կարևորելով ՄԿՈՒ օրենսդրական բարեփոխումների և դրա հիմնարար ուղղությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների կազմակերպումը` ասել է Շվեյցարիայում դուալ ՄԿՈՒ դոնոր կոմիտեի ներկայացուցիչ Սիբիլ Շմութցը: Անդրադառնալով ՄԿՈՒ-ին վերաբերող օրենսդրական նախաձեռնությանը` նա համոզմունք է հայտնել, որ նախագիծն ամուր հիմքեր կստեղծի` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և կխթանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ընդհանրապես:
Օրենքի նախագծի կարգավորումների վերաբերյալ ներկայացնելով միջազգային փորձագետների տեսակետները, դիտարկումներն ու ամփոփումը` ԳԴՀ դուալ ՄԿՈՒ միջազգային փորձագետ, իրավաբան Շտեֆեն Գ. Բայերն անդրադարձել է համակարգի նպատակներին և խնդիրներին, հանրային և մասնավոր համագործակցությանն ու երկակի սկզբունքներին, ֆինանսավորմանը, ՄԿՈՒ անձնակազմի որակի և ճանաչման գործընթացին, շարունակական զարգացմանն ու ապացուցահենք հետազոտությանը:
«Օրենքն առաջին հերթին պետք է արտացոլի ՄԿՈՒ համակարգի քաղաքականության շրջանակն ու նպատակները, ընդհանուր խնդիրները: Մեր տեսանկյունից, արդյունավետ ՄԿՈՒ համակարգի գլխավոր նպատակներից մեկը դեպի ապագա ուղղված հմտությունների ուղղվածությամբ երիտասարդ սերունդներին պատրաստելն է, ինչը նրանց հնարավորություն կտա ճկուն դրսևորվել աշխատաշուկայում: ՄԿՈՒ-ն ձգտում է մարդկանց պատրաստել դեռևս անհայտ ապագայի համար: Գերմանիայում և Շվեյցարիայում մենք այն անվանում ենք մասնագիտական գործունեության իրազեկություն կամ գիտակցություն»,- ասել է Շտեֆեն Գ. Բայերը:
Խոսելով պետություն-մասնավոր համագործակցության և երկակի սկզբունքների մասին` Շտեֆեն Գ. Բայերը նշել է, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնության մեջ տեսանելի է բիզնես ոլորտի և ուսուցում տրամադրող առանձին ընկերությունների միջև սերտ համագործակցություն ստեղծելու պահանջը: Դրական է գնահատվել մասնավոր հատվածի ընդգրկումը ՄԿՈՒ խորհրդի կազմում: Ընդգծվել է` պետք է գիտակցել, որ մշակույթի նման փոփոխության համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ և բոլոր կողմերի նվիրված մասնակցություն: Շեշտվել է իրազեկվածության, տեղեկատվության մատչելիության և իրականացման մակարդակի կարևորությունը` առաջարկելով կիրառել աստիճանական մոտեցում և չպարտադրել ընկերություններին. ընկերությունները և բիզնես հատվածը պետք է մոտիվացված լինեն: «Համապատասխան և որակյալ ուսուցումն առանցքային է ՄԿՈՒ համակարգը գրավիչ և ճանաչված դարձնելու համար»,- եզրափակել է Շտեֆեն Գ. Բայերը:
Քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը ողջունել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Զեկուցողն անդրադարձել է կրթություն-աշխատաշուկա կապին:
Մասնակիցները, արժևորելով ոլորտում իրականացվող բարեփոխումները, նշել են` դրանք կնպաստեն կրթության որակի բարձրացմանը: Խոսելով կրթության կազմակերպման նոր ձևի` աշխատանքի վրա հիմնված ուսուցման կարևորությունից` նշվել է, որ այն կբավարարի աշխատաշուկա ներկայացվող պահանջները: Անդրադարձ է եղել կրթություն-աշխատաշուկա խնդիրներին: Ընդգծվել է պետություն-մասնավոր հատված սոցիալական գործընկերության անհրաժեշտությունը: Նշվել է, որ պետություն-մասնավոր հատված համագործակցությունը հնարավորություն է ընձեռում հասկանալու աշխատանքի վրա հիմնված ուսուցման գործընթացում առկա խնդիրները: Շեշտվել է, որ ՄԿՈՒ համակարգի զարգացումը մեր երկրի համար ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմավարական նշանակություն: Կարևոր է համարվել, որ արդյունաբերության ոլորտը համալրվի երիտասարդ կադրերով:
Ելույթներում անդրադարձ է եղել նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրման արդյունքում կրթության որակի և արդյունավետության բարձրացման երաշխիքներին, ՄԿՈՒ ոլորտի ֆինանսավորման մեխանիզմներին ու հիմնախնդիրներին, դրանց լուծման ուղիներին, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսուցման կազմակերպման հարցերին:
Եզրափակիչ ելույթում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և պատրաստակամություն հայտնել լրացուցիչ քննարկելու հնչած առաջարկներն ու կարևոր դիտարկումները: «Ունենք դեռևս բավարար ժամանակ, և, կարծում եմ, որ այս հետագա ժամանակահատվածը կօգտագործենք` օրենքների նախագծերի այս մեծ փաթեթն էլ ավելի բարելավելու և այն տեսքով հաստատելու, որպեսզի եղած հարցերն ամբողջապես պարզաբանվեն, և ունենանք այն ընկալումը, որ լավագույն օրենքն ենք ստացել այս պահին»,- մասնավորապես ասել է նախարարը:
Ամփոփելով քննարկումը` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կառուցողական և հետաքրքիր է գնահատել լսումները, շնորհակալություն հայտնել մասնակիցներին բովանդակալից քննարկման համար: