Հունվարի 23-ին, Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը՝ ընդլայնված կազմով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն առնչվող, անվտանգային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը,
պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլանը, որը ներառում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Ղազախստանում։