Ռուսական կողմից մենք լսում ենք այդ պնդումը շարունակաբար և հրապարակային կերպով, նաև ԱԳ նախարարի հետ հանդիպումների ընթացքում: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ռուսական կողմի հանդիպումների ժամանակ ուղիղ մեղադրանքներ են հնչել, թե ՀՀ վարչապետը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում՝ դրանով իսկ փակելով ՌԴ-ի՝ ԼՂ-ի հարցում ինչ-որ բան անելու բոլոր հնարավորությունները:
Այս համատեքստում Միրզոյանը նշեց, որ չի դադարի կրկնել, վերաշարադրել դեպքերի ճիշտ հաջորդականությունը:
«2022 թվականի օգոստոս.
ռուսական կողմը ներկայացնում է առաջարկներ, որոնցից, ի թիվ այլ բաների, կար հետևյալը՝ ԼՂ կարգավիճակի որոշումը հետաձգվում է անորոշ ժամանակով:
2022 թվականի օգոստոսի վերջեր.
հայաստանյան կողմը հայտնում է իր համաձայնությունը՝ ռուսական կողմի այս առաջարկներով բանակցությունները շարունակելու:
2022 թվականի օգոստոսի վերջ կամ սեպտեմբերի սկիզբ.
ադրբեջանական կողմը հայտնում է իր անհամաձայնությունը ռուսական բոլոր առաջարկների կապակցությամբ:
2022 թվականի սեպտեմբեր.
ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակում է սկսում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, և ներխուժում է սկսվում ՀՀ ինքնիշխան տարածք:
Հայաստանյան կողմը, վերհիշելով, այդ թվում՝ երկկողմ, դաշնակցային փոխադարձ պարտավորությունները ՌԴ-ի հետ, այդ թվում՝ բազմակողմ, ՀԱՊԿ շրջանակներում ունեցած փոխադարձ պարտավորությունները միմյանց տարածքային ամբողջականության և սահմանները պաշտպանելու համատեքստում, դիմում է իր ռուսաստանցի գործընկերներին, որտեղից, մեծ հաշվով, եթե ամփոփենք պատասխանները, ստանում է հետևյալ պատասխանը. «ՀՀ առնվազն այդ հատվածում ունեցած գծերը, սահմանագծերը բավականաչափ հստակ չեն, և հետևաբար ռուսաստանյան կողմը դժվարանում է գնահատել՝ որքանով են խախտվել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ՀՀ սահմանները»: Որից հետո՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին, Հայաստանը Պրահայում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Եվրոպական խորհրդի նախագահների մասնակցությամբ, ընդունվում է քառակողմ հայտարարություն, որում նշվում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանները և սահմանագծումը պետք է ընթանան 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, որտեղ կա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման, որը համընկնում է նախկին երկու խորհրդային հանրապետությունների միջև եղած վարչական սահմանին:
Ու նորից՝ օգոստոսին ռուսական առաջարկներ Ղարաբաղի կարգավիճակի հետաձգման վերաբերյալ, Հայաստանի համաձայնություն, Ադրբեջանի անհամաձայնություն և հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, ռուսաստանյան կողմից այս փաստի ճշգրիտ արձանագրման բացակայություն, որից հետո ՀՀ-ի համար այս սահմանի սահմանագծի նշման անհրաժեշտություն և սահմանի գծի և դրա հիմքերի վերաբերյալ քառակողմ հիշատակում Պրահայում:
Ուզում եմ այս ֆորմատում էլ հորդորել իմ ռուսաստանցի գործընկերներին՝ պատճառահետևանքային կապերի և ժամանակագրական հաջորդականությունը ճիշտ վերարտադրել և հայկական կողմին առնվազն չվերագրել մեղադրանքներ, որոնցում հայկական կողմը որևէ մեղավորություն չունի, ըստ էության: Ճիշտ հակառակը, ինչպես կարող եք դատել ներկայացրածս դրվագից, կային ակնկալված և ենթադրվելիք գործողություններ այլոց կողմից, և այդ գործողության բացակայության պայմաններում ՀՀ-ի կողմից կոնկրետ քայլերի ձեռնարկում, այդ թվում՝ Պրահայի հայտարարության տեսքով»,- ասաց Միրզոյանը:
Կա՞ ռուսական առաջարկ, թե՞ չէ՝ Միրզոյանին հայտնի չէ: Նա տեղյակ չէ նաև, թե արդյոք կա՞ համաձայնեցված փաստաթուղթ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև: