Դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով չի գործում, կամ՝ ինչի՞ մասին է խոսքը, երբ երեք ստորագրող կողմերից 2-ը մի շարք կետերով խախտել են այդ հայտարարությունը: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է հետ վերցնել ստորագրությունը Նոյեմբերի 9-ի փաստաթղթից:
«ՀՀ-ը, համենայն դեպս, մշտապես հավատարիմ է եղել պարտավորությունների այն հատվածին, որն ինքն էր ստանձնել, և այսօր էլ հավատարիմ է: Ցավոք սրտի, կրկնում եմ՝ մյուս երկու կողմն այդպես չեն վարվել, և ապացույցներն ավելի քան տեսանելի և շոշափելի են, այդ թվում և առաջին հերթին ԼՂ և Լաչինի միջանցքի մասով»,- նշեց Միրզոյանը:
Խոսելով տարածաշրջանում ապաշրջափակման մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ ՀՀ-ը պարտավորություններ չի ստանձնել ո՛չ նոյեմբրի 9-ի հայտարարության 9-րդ կետով, ոչ էլ հաջորդ հայտարարությամբ. օրինակ՝ հունվարի 11-ով շատ ավելի մանրամասն է, և, ըստ էության, բացվում է նոյեմբերի 9-ի 9-րդ կետը. ոչ էլ հետագա որևէ հայտարարությամբ:
«Կրկին ու կրկին մեր մոտեցումը հետևյալն է. ՀՀ-ն ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգիռ է հասնել տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Ընդ որում՝ մեզ համար հարցը միայն նեղ, իսկ երբեմն՝ հենց այդ կոնտեքստում են օգտագործում գործընկերները: Ոչ միայն նեղ՝ բուն Ադրբեջան-Նախիջևան կապի մասին է, ընդհանրապես տարածաշրջանի ենթակառուցվածների ապաշրջափակման. ենթակառուցվածքներ, որոնցից Հայաստանն էլ պիտի օգտվի: Ենթադրում եմ՝ բուն Ադրբեջանի, ասենք, օրինակ՝ երկաթուղային ենթակառուցվածքները և նախիջևանյան հատվածը: Շատ սահմանափակ չի կարող այս հարցը դիտարկվել»,- նշեց ՀՀ արտգործնախարարը:
Խոսելով այն մասին, թե ինչ են ուզում Ադրբեջանում կամ ինչ են կարծում, թե Հայաստանը ինչ պարտավորություն է ստանձնել, Միրզոյանն ասաց.
«Մենք մի շարք դեպքերում, այդ թվում և ԱԳ նախարարների միջև, այդ թվում և, օրինակ, ԱԽ քարտուղարի և մյուս դեպքում՝ Ադրբեջանի նախագահի խորհրդականի ոչ պաշտոնական շփումներում էլ և ընդհանրապես բազմաթիվ դրվագներում, ըստ էության, կարող ենք ասել՝ հանգել ենք համաձայնության, որ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն՝ ամբողջական հարգանքով երկրների ինքնիշխանության նկատմամբ, երկրների իրավազորության նկատմամբ, ինչպես նաև համաձայն հավասարության, փոխադարձության սկզբունքների: Մենք շարունակում ենք պահել մեր այս դիրքորոշումը: Ի՞նչ է ասում ադրբեջանական կողմը: Մասնավորապես, ինչպես Ադրբեջանի նախագահն ասաց վերջին հարցազրույցում, իրենք պահանջում են, որ՝ 1. ադրբեջանական բեռները և ուղևորները կարողանան հատել Հայաստանի սահմանը և Ադրբեջանից հասնել Նախիջևան և հակառակ ուղղությամբ առանց որևէ մաքսային վարչարարության, 2. առանց որևէ անձնագրային սահմանային հատվածի վերահսկողության, 3. այս ենթակառուցվածքը պետք է լինի ռուս սահմանապահների վերահսկողության ներքո. զինված վերահսկողության ներքո: Ըստ էության, կարող եմ ասել, որ 3 պահանջն էլ ՀՀ ինքնիշխանության խախտում են ենթադրում: Մենք չենք կարող ընդունելի համարել, որ որևէ մեկը, որևէ երկրի որևէ քաղաքացին մեր սահմանն անցնի առանց սահմանային հատման հետ կապված վարչարարության»:
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է պրոցեդուրաների պարզեցման: «Մասնավորապես, թվային տեխնոլոգիաները բավականին նորարարական և արդյունավետ լուծումներ կարող են տալ, և մեզ համար որոշ լուծումներ կարող են քննարկվել և ընդունելի լինել: Բայց գաղափարապես՝ որ որևէ մեկը հատի Հայաստանի սահմանը, անցնի Հայաստանի տարածքով և մյուս կողմից Հայաստանի սահմանից դուրս գա, և ՀՀ համապատասխան մարմինները այդ մասին ինչպես հարկն է պատշաճ կարգով չտեղեկանան, այդպիսի իրավիճակ մեզ համար անընդունելի է: Նույնը 2-րդ կոմպոնենտը՝ մաքսային վարչարարությունը. եթե առաջին դեպքում մարդկանց վերաբերյալ էր, ապա այս երկրորդը՝ բեռների: Մենք պատրաստ ենք քննարկել այս կամ այն վերաբերելի վճարը, ինչպես պետք է արվի, կամ այդ վճարի չափը ինչքան պետք է լինի, կարող են լինել որորշ փոխադարձ կառուցողական փոխզիջումային լուծումներ, բայց գաղափարապես՝ բեռների խումբ հատեն Հայաստանի սահմանը, անցնեն Հայաստանի տարածքով և մյուս կողմից Հայաստանից դուրս գան առանց մաքսային վարչարարության՝ սա չի կարող լինել. սա հենց միջանցքային այն տրամաբանությունն է, որը մենք մշտապես ասել ենք, որ մեզ համար ընդունելի չէ»,- ասաց նա:
Անդրադառնալով անվտանգային կոմպոնենտին՝ Միրզոյանն ասաց, որ նույնիսկ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չկա որևէ կետ, սահմանում, պնդում այն մասին, որ այս ենթակառուցվածքի անվտանգությունը պետք է ապահովեն որևէ այլ՝ երրորդ կողմի ուժեր. մասնավորապես, ռուսական սահմանապահները: «Ճիշտ հակառակը՝ բավականին պարզ կերպով և ուղիղ կերպով նշվում է, որ անվտանգություն ենթակառուցվածքները պետք է ապահովի ՀՀ-ը: Մենք այսօր էլ պատրաստ ենք մեր տարածքում և՛ այդ հատվածում, և՛ որևէ այլ տարածքում գործող կառուցվելիք որևէ ենթակառուցվածքի անվտանգությունը երաշխավորել և ակնկալում ենք, որ այն երկրներով, որոնցով այս փոխհամաձայնության արդյունքում, եթե այն ձեռք բերվի, մեր ապրանքները և մարդիկ, քաղաքացիները պետք է անցնեն, այդ երկրները պետք է երաշխավորեն այդ բեռների և այդ քաղաքացիների անվտանգությունը: Ուզում եմ մեկ անգամ էլ ընդգծել. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և կարող է ապահովել իր տարածքով անցնող մարդկանց և բեռների անվտանգությունը»,- նշեց Արարատ Միրզոյանը: