Այսօր ցավոք չունենք գործիքակազմ՝ հետևելու կամ հավաստի կերպով տեղեկանալու՝ ինչ է տեղի ունենում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության հետ, բայց մենք կարող ենք դատողություններ անել նախորդիվ հնչած կամ նախորդիվ տեսած դեպքերից կամ նախորդիվ ամենաբարձր մակարդակով հնչած հայտարարություններից: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության ճակատագրի հարցին:
«Մենք չենք մոռանում, որ, օրինակ, Ադրբեջանի նախագահը ուղղակի ցուցում էր տալիս վերացնել եկեղեցիների վրայից հայկական արձանագրությունները կամ վիմագրությունները՝ պնդում անելով, որ այդ հուշարձանները հայկական ժառանգություն չեն: Սա է մեր մտահոգությունը: Սա մենք և՛ հրապարակավ ենք բարձրաձայնել, և՛ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ենք աշխատում այս ուղղությամբ: Մեծ հույս ունենք, որ հնարավոր կլինի այս ուղղությամբ իսկապես ինչ-որ գործուն քայլեր ունենալ և կանխել մշակութային ժառանգության վերացումը: Սա այն դեպքն է, որտեղ շոշափելի և էական անելիք ունի նաև միջազգային հանրությունը առնվազն այն պատճառով, որ հայկական մշակութային ժառանգությունը համաշխարհային մշակութային ժառանգության շատ կարևոր բաղկացուցիչն է»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով միջնորդների վերաբերյալ հարցին՝ Միրզոյանն ասաց հետևյալը. «Ինչ վերաբերում է միջնորդություններին, կարող եմ ասել, որ վերջին շրջանում զանազան միջնորդությունները միջնորդություն չեն բառի դասական իմաստով, ինչպես, օրինակ, հայկական հանրությունը ընկալում էր միջնորդություն եզրույթը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության դեպքում, երբ առաջարկներ էին մշակվում, ներկայացվում կողմերին: Վերջին շրջանում այդ միջնորդական ջանքնեն առավելապես նոր հանդիպումներ կազմակերպելու մասին են»:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Մոսկվայում, ԱԳ նախարարն ասաց.
«Արդյոք Բաքուն պատրա՞ստ է խաղաղության պայմանագիր ստորագրել ՌԴ-ում՝ չգիտեմ. ադրբեջանական կողմից այդպիսի հավաստացիումներ ո՛չ փակ հանդիպումների ընթացքում, ո՛չ հրապարակավ չեմ լսել. եթե Սերգեյ Լավրովը պնդում է այդպես, ուրեմն ինչ որ հիմքեր ունի պնդում անելու»: