2023 թվականի ընթացքում թեև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ չեն կայացել, և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացքում շոշափելի առաջընթաց չի գրանցվել, սակայն տարին առանձնացել է մի շարք բարձր մակարդակի հանդիպումներով, որոնք դրական հիմք են ստեղծել հետագա գործընթացների համար: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա հիշեցրեց, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ ուղևորափոխադրումների մասով նախկինում առկա արգելքները: Թուրքիայում գրանցված երկրաշարժի օրերին ՀՀ ՆԳՆ ՓԾ-ի թիմը մեկնել է հարևան երկիր, ապա 7 հայկական բեռնատարով հումանիտար օգնություն է տրամադրվել աղետի գոտում Մարգարայի կամրջով: Թուրքիա է այցելել նաև ԱԳ նախարարը, հետագայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այցելել Անկարա՝ մասնակցելու նախագահ Էրդողանի երդմնակալությանը: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կառուցելու Անիի պատմական կամուրջը: