ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունվարի 17-ի ՍԴՈ-1709 որոշմամբ անդրադառնալով արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, որոշել է, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը՝ արձանագրելով, որ արդարադատության նախարարի՝ որպես վարույթ հարուցող լիազոր մարմնի մասնակցությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթին չի հակասում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման սահմանադրական սկզբունքին:
«Սահմանադրական դատարանը հիշյալ որոշմամբ նշել է, որ արդարադատության նախարարը, չունենալով դատավորների հետ համակարգային և կորպորատիվ շահերով պայմանավորված փոխկապվածություն, կարող է հանդես գալ որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեությունը լրացնող ինստիտուցիոնալ սուբյեկտ: Հետևաբար՝ արդարադատության նախարարի՝ վիճարկվող նորմով նախատեսված լիազորությունն արդյունավետորեն կարող է լրացնել դատավորների կարգապահական վարույթների հարուցման համակարգը՝ բացահայտելով դատավորների առերևույթ ոչ իրավաչափ վարքագծի՝ կարգապահական պատասխանատվության խնդիր պարունակող հնարավոր դեպքերը»,- ասված է հաղորդագրության մեջ: