Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման գերեվարած պատանդների ընտանիքները ներխուժել են Իսրայելի խորհրդարան՝ ընդհատելով ֆինանսական հանձնաժողովի նիստը: Նրանք կառավարությունից պահանջել են ավելին անել իրենց ընտանիքների անդամներին ազատ արձակելու համար։ «Դուք այստեղ հանգիստ չեք նստի, քանի դեռ մեր երեխաները տառապում են։ Ի՞նչ կասեք գերիներին փրկագին տալու մասին»,-բղավել են պատանդների որոշ հարազատներ: Այդ մասին հայտնում է The Times of Israel թերթը։
Հնչել են նաև կառավարությունը ցրելու կոչեր, որն, ըստ պատանդների ընտանիքների, որևէ քայլ չի ձեռնարկում իրենց հարազատներին արմատական շարժման գերությունից վերադարձնելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատանդների ազատ արձակման շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները փակուղի են մտել, քանի որ իսրայելական կողմը չի ցանկանում դադարեցնել մարտերը Գազայի հատվածում։ Ընդգծվում է, որ ԱՄՆ-ը, Կատարն ու Եգիպտոսը փորձում են կողմերին կոնսենսուսի բերել։