Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը կիրակի հայտարարել է, որ դուրս է գալիս Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարից, գրում է BBC-ն:
Մեկ շաբաթ առաջ Այովա նահանգում, նախագահի թեկնածուի կուսակցական առաջին ընտրություններում ԴեՍանտիսը երկրորդ տեղում է եղել, նախկին նախագահ Թրամփը հաղթել է հսկայական տարբերությամբ: Թրամփն այդ նահանգում ստացել է հանրապետականների ձայների 51%-ը, ԴեՍանտիսը՝ ընդամենը 21%-ը։
Միաժամանակ Ֆլորիդայի նահանգապետն իր աջակցությունն է հայտնել ընտրապայքարի առաջատար թեկնածուին՝ Դոնալդ Թրամփին:
Ռոն ԴեՍանտիսը դուրս է եկել ընտրապայքարից երկրորդ նահանգում՝ Նյու Հեմփշիրում Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններից երկու օր առաջ: Այնուամենայնիվ, վերջին հարցումներից մեկը ցույց է տվել, որ այդ նահանգում ԴեՍանտիսը կզբաղեցներ երրորդ տեղը՝ զիջելով ինչպես Թրամփին (50%), այնպես էլ չափավոր թեկնածու Նիկի Հեյլիին (34%):
Այժմ Հանրապետական կուսակցությունից առաջադրվելու համար պայքարում Թրամփը մեկ լուրջ մրցակից ունի՝ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին։