ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:
Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման` Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները: Հանրակրթության պետական չափորոշչի 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան, որի անվանումն առաջարկվում է փոխել «Հայաստանի պատմություն», որն ավելի բնութագրական է առարկայի շրջանակում ուսումնասիրվող նյութի համար, քանի որ հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձություններն է ընդգրկում:
Առարկան, անվանելով տվյալ երկրի պատմություն, ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը: Ուսուցանվող առարկան ներկայացվում է իբրև հավաքական և կազմակերպված հանրություն հանդես գալու պատմություն։ Այս պարագայում պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարևորությունը և սովորողների մոտ ձևավորելով սեփական երկրի շահերի իմացության և դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշումն ու արժեքները։ Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն առավելապես կարևոր պատմական դերակատարում ունեցած մարդկանց գործունեության մասին պատմություն է, որոշակի իմաստով խթանում է այն գաղափարը, որ պատմությունը նաև առանց պետության և պետականության կարող է ձևավորվել՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների, մասնավորապես պետականամետ քաղաքացու վարքականոնի ձևավորմանը:
Հարկ է նշել, որ մի շարք երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, և փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում: Մասնավորապես՝ Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի պատմությունը ուսումնասիրվում է տվյալ երկրի անվամբ առարկայի շրջանակում:
Ոլորտի մասնագետներն ու շահագրգիռ կազմակերպությունները նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 2-ը: