Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ՔԿ ներկայացուցիչն անդրադարձավ շտապօգնության անձնակազմին բռնության ենթարկելուն առնչվող միջադեպերին:
Ըստ այդմ՝ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2024-ի հունվարի 13-ին՝ ժամը 09:10-ի սահմանում, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բրիգադը շտապօգնության կանչով մեկնել է Երևանի Նորաշեն թաղամասի 33 հասցե, նշված հասցեում հիվանդը և նրա երկու որդիները ներարկման հետ կապված վիճաբանել են բժշկի հետ և հարվածներ հասցրել բժշկին՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ: Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բժիշկը ներկայացվել է փորձաքննության, և բժշկի համապատասխան եզրակացությունը ստանալուց հետո նշված անձանց արարքին կտրվի գնահատական:
Արձանագրվել է նաև երկրորդ դեպքը, որի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ազատությունից ապօրինի զրկելու և հոգեկան ներգործություն պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2024-ի հունվարի 16-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բրիգադը շտապօգնության կանչով մեկնել է Երևան քաղաքի Գուրգեն Մահարու 127/1 հասցե, որտեղ հիվանդի որդիները սպանության և առողջության վնաս պատճառելու սպառնալիքներ են հնչեցրել բրիգադի երեք աշխատակիցների նկատմամբ, ինչպես նաև նրանց ապօրինի զրկել են ազատությունից: Հիշյալ երկու անձինք նույն օրը ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր ենթադրյալ արարքների կատարման համար: Դատարանը միջնորդություն է ներկայացվել, և հիշյալ երկու անձինք այժմ կալանավորված են:
Տիգրան Ավինյանը կարևորեց, որ համաչափ արձագանք կա դեպքերին՝ կարծիք հայտնելով, որ քննչական մարմինները այս դեպքով շատ արագ և ճիշտ են գործել:
«Այս դեպքերը հաճախակի են, սա էլ մեր մշակույթից պետք է մի փուլում դուրս գա, որովհետև տարօրինակ երևույթ է անընդհատ բժիշկների նկատմամբ որոշակի բռնություն [գործադրելը]:
Մենք բոլորս մեր հարազատներին շատ սիրում ենք, բայց դա չի նշանակում, որ թույլատրելի սահմանները կարող ենք անցնել այն պայմաններում, երբ մարդը, բժիշկը եկել է մեր հարազատին օգնելու: Եվ երբ բժիշկը եկել է, պետք է թույլ տալ, որպեսզի նա իր պարտականությունները կատարի»,- ասաց Ավինյանը: