Հունվարի առաջին 18 օրվա ընթացքում շտապ բուժօգնության ծառայության կողմից իրականացվել է 19595 կանչ, որը նախորդ տարվա համեմատությամբ 2423 կանչով կամ 14 տոկոսով ավելի է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ կանչերը 11 տոկոսով ավելացել էին դեռ 2023 թվականի դեկտեմբերին: Կանչերի ընդհանուր թիվը դեկտեմբերին եղել է 26854:
Դավիթ Կարապետյանը անդրադարձավ նաև շտապօգնության չափորոշիչները հաստատելու մասին հարցին: Ըստ նրա՝ յուրաքանչյուր 20 հազար բնակչին շտապօգնության 1 շարժակազմ է հասնում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակչության՝ 1 միլիոն 75 հազարի պարագայում, արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք, ուստի դիմել են ՀՀ առողջապահության նախարարին՝ շարժակազմերի թիվն ավելացնելու ակնկալիքով:
«Առաջիկայում նախատեսում ենք ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և վարեն մոպեդ, ինչպես նաև չափորոշիչները փոխելու: Նրանք ծառայություն կմատուցեն ոչ հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում»,- ասաց նա:
Դավիթ Կարապետյանը տեղեկացրեց, որ կատարվել է նաև ուշացումների մասին վերլուծություն: Ըստ այդմ՝ հունվարի առաջին 18 օրվա ընթացքում 19595 կանչից 1829 ուշացում է եղել, այն է՝ ուշացման դեպքերը 9,5 տոկոս են կազմում, իսկ Երևանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնում եղել է 6 բողոք, որոնցից 4-ը եղել են ուշացումների հետ կապված: Դեկտեմբերին ուշացումների թիվը կազմել է 4,5 տոկոս, եղել է 5 բողոք, որոնք ընդհանուր ուշացումների հետ կապված չեն եղել:
Դավիթ Կարապետյանը նաև նշեց, որ գոյություն ունեն կանչերի մի քանի տեսակներ: Կան կանչեր, որոնք անհետաձգելի բուժօգնություն և սպասարկում են պահանջում, երբ բուժառուի կյանքին ակնհայտորեն վտանգ է սպառնում, նման դեպքերում ժամանումը պետք է լինի առավելագույնը 20 րոպեում, իսկ կան դեպքեր, երբ բուժառուի ջերմությունը բարձր է, ուստի բուժանձնակազմի ժամանումը կարող է լինել մինչև 60 րոպեի ընթացքում, քանի որ եթե ընթացքում շտապ կանչեր լինեն, անձնակազմը ստիպված կլինի նախ սպասարկել դրանք, ապա՝ մյուսները:
Ամենաշատ կանչերը գրանցվում են 18:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, կանչերի շեշտակի աճ է նկատվում երեկոյան 21:00-23:00-ն, այդ ժամերին է, որ բուժօգնության անձնակազմը կարող է ուշանալ, քանի որ չի հասցնում սպասարկել կանչերը:
Թեմայի շրջանակում անդրադարձ եղավ նաև օրերս շտապօգնության անձնակազմի նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպին: Երևանի քաղաքապետը դա «դատապարտելի» որակեց, և թեմայի շրջանակում անդրադարձավ մեկ այլ խնդրի ևս, այն է՝ շտապօգնության կողմից քաղաքացիների զանգերին չպատասխանելուն, և խնդրեց հաջորդ խորհրդակցությանը թվային տվյալներ ներկայացնել, թե զանգերից քանիսն են անպատասխան մնացել: