Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը հունվարի 17-18-ը Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Լյուքսեմբուրգի գործադիր, օրենսդիր և տեղական ինքանակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը դեսպան Բալայանը քննարկել է երկկողմ փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերն ու նախաձեռնությունները, Հայաստան - Եվրամիություն գործընկերության խորացմանը միտված աշխատանքները։
Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի և բարձրաստիճան խորհրդարանականների հետ զրույցների ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական շփումների ծրագրերը։
Ինչպես խորհրդարանական, այնպես էլ ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում դեսպան Բալայանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ԵՄ միջնորդությամբ պայմանավորվածություններից փաստացի հրաժարվելու և նոր բռնություններ հրահրելու միտումների վրա՝ ընդգծելով հստակ գործողություններով դրանց դեմն առնելու անհրաժեշտությունը։
Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել նաև Էշ սյուղ Ազետի քաղաքապետի հետ, ում հետ անդրադարձել է ապակենտրոնացված և կրթական բնագավառներում փոխգործակցության հնարավորություններին։