Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 19-ին Եղեգնաձորում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստին մասնակցել են կուսակցության Վայոց ձորի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։
ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր Էջում, որը վերնագրել է հետևյալ կերպ. «Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քանի որ վերջին օրերին շատ է քննարկվում Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, ինքը ցանկանում է տեղեկացնել՝ ուր է հասել գործընթացը, ինչ է տեղի ունենում և որն է տեղի ունեցողի իմաստը:
«Իհարկե, այս ընթացքում ամենատարբեր դրվագներ են եղել՝ միջնորդավորված և ուղղակի շփումներում: Հիմա, ըստ էության, շատ թե քիչ ակտիվ են Հայաստանի և Ադբեջանի միջև ուղղակի շփումները: Հիմնականում աշխատանքային կապուղիներ կան աշխատելու մասնավորապես իմ աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև: Այդ կապուղիներով մենք դեկտեմբերի 7-ին ընդունեցինք համատեղ հայտարարությունը, որի արդյունքում նաև մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան:
Իհարկե, աշխատանքային թեման հիմնական խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն է: Նրանք մեզ են ուղարկում, մենք աշխատում ենք, իրենց ենք ուղարկում: Հիմա որտե՞ղ է հասել այդ աշխատանքը: Ըստ էության, աշխատանքը հասել է մի տեղ, որ մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից լրացուցիչ երաշխիքներ է ուզում փոխադարձաբար, որ մենք փոխադարձաբար միմյանցից թաքնված տարածքային պահանջներ և նկրտումներ չունենք, որովհետև դիվանագիտական տեքստերը միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր և տողատակեր են ունենում: Եվ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանը մեր առաջարկների տողատակերում տարածքային պահանջների որոշակի, եթե ոչ այսօր, հետագա վտանգներ ենք տեսնում: Այս առումով կարելի է տարբեր կերպ վերաբերվել իրադրությանը, բայց կարծում եմ, որ մենք այդ իրադրությանը պետք է վերաբերվենք որպես աշխատանքային գործընթաց, որը մենք պետք է շարունակենք կառավարել, մինչև այս հարցերը՝ մեր հարցերը և մեզ ուղղված հարցերը պատասխան ստանան»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ նախօրեին Արդարադատության նախարարությունում նաև անդրադարձել է այս հարցին և պետք է տեսական մակարդակում արձանագրենք մի բան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և վերջին շրջանի խոսակցությունները գնացել են հենց այդ ուղղությամբ, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում նույնպես այդպիսի տարածքային պահանջներ չներկայացնել:
«Սա ըստ էության նաև այն ըմբռնումն է, որ այս ընթացքում ձեռք է բերվել: Հիմա արդյոք կա՞ պատկերացում, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, և այս հարցի պատասխանը նույնպես կա, որովհետև գիտեք, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, իսկ հռչակագիրը հետևյալի մասին է, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, իսկ Միության այն հանրապետությունները, որոնք ստորագրել են Ալմա Աթայի հռչակագիրը, արձանագրում են, որ իրենց վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանների: Մենք ասել ենք, որ ընդունում ենք այս սկզբունքը, և ըստ էության Պրահայում քառակողմ հայտարարություն է ընդունվել, որը Ադրբեջանը նույնպես ընդունել է: Նաև այս է պատճառը, որ մենք ասում ենք, որ և ակնհայտ է՝ դելիմիտացիայի գործընթացը սահմաններ չպետք է ստեղծի, այլ պետք է փաստաթղթային ձևով և նաև գետնի վրա վերարտադրվի այն սահմանը, որը գոյություն է ունեցել 1991 թվականին կամ Խորհրդային Միության հանրապետությունների միջև՝ որպես ադմինիստրատիվ սահման: Ուզում եմ հստակ արձանագրել՝ սա է այն բանաձևը, որը կարող է հնարավոր դարձնել խաղաղությունը»,- պարզաբանել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պաշտոնական Ադրբեջանից հնչող հայտարարությունները կարող են նույնիսկ տպավորություն թողնել, թե Բաքուն փորձում է դիտավորյալ՝ ինչ-ինչ նպատակներով փակուղի մտցնել խաղաղության գործընթացը, սակայն նույնիսկ այս մեկնաբանության դեպքում կարծում է՝ մենք չպետք է փոխենք մեր ռազմավարությունը:
«Մեր ռազմավարությունը եղել և պետք է շարունակի մնալ Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ամրապնդումը, հաստատումը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որովհետև այդպիսին է ամբողջ միջազգային հանրության ընբռնումը, և հիմա այս երկկողմ աշխատանքային խողովակը պետք է բերի կոնկրետ արդյունքների, իսկ արդյունքն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ոչ միայն առանց վերապահումների հայտարարեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այլև այդ իրողությունն արձանագրվի դե յուրե՝ խաղաղության պայմանագրում: Եվ եթե նույնիսկ պարզվի, որ Ադրբեջանն իմ ասած վատագույն սցենարով է առաջնորդվում, սա մեր ռազմավարությունը չպետք է փոխի, որովհետև ես առիթ ունեցել եմ ասելու՝ մեր ռազմավարությունը պետք է հենվի լեգիտիմության վրա»,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից թաքնված՝ տողատակերում չի ցանկանում ապագա տարածքային պահանջների համար կռվաններ թողնել:
«Մենք ուզում ենք այդպիսի երաշխիքներ, բայց նաև ուզում եմ ասել՝ պատրաստ ենք տալ այսպիսի երաշխիքներ, և դա փոխկապակցված գործողություն է և չի կարող լինել միակողմանի»,- շեշտել է ՀՀ վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: