Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում։ Նախագծի նպատակն է Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավումը և պահպանումը, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավումը։
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ ներկայումu քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանություն և ներսում՝ անվտանգության ապահովման գործառույթներ իրականացվում են երկու տարբեր ստորաբաժանումների՝ պահպանության ապահովման և անվտանգության ապահովման ծառայողների կողմից։ Նման կառուցվածքով և գործառույթների տարանջատմամբ, միմյանց հետ արդյունավետորեն չփոխկապակցված երկու ստորաբաժանումների գործունեությունը հանգեցնում է կառավարման խնդիրների ծագմանը։ Մինչդեռ այս ուղղություններում արդյունավետ աշխատանքն առաջնային կարևորություն ունի ՔԿՀ-ների կենսագործունեության համար՝ արտաքին պահպանության, ներքին անվտանգության ապահովման, հիմնարկներում նոր հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման համար։ Հենց այս պատճառով էլ անհրաժեշտ է ՔԿՀ-ներում ստեղծել նոր՝ անվտանգային կառավարման ստորաբաժանում, որն իր մեջ կներառի հիշյալ երկու ստորաբաժանումների գործառույթները, հնարավորություն կընձեռի նոր ստեղծված ստորաբաժանման ծառայողների ուժերն արդյունավետ օգտագործել ըստ անհրաժեշտության՝ թե՛ արտաքին պահպանության, թե՛ ՔԿՀ-ի ներսում անվտանգության ապահովման խնդիրներն իրականացնելիս։
Նախատեսվում է, որ անվտանգային կառավարման ստորաբաժանում առաջին անգամն ընդունվող անձինք, ովքեր ուսումնական դասընթացներից հետո կստանան դրական գնահատական, կհամարվեն ատեստավորված, և նրանց համար կհաշվարկվի հավելավճար։ Սկզբնական շրջանում անվտանգային կառավարման ստորաբաժանումը կներդրվի «Սևան» ՔԿՀ-ում: