Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունն ու առկա հումանիտար մարտահրավերները:
Անդրադարձ է կատարվել գործակալության ղեկավարի տարածաշրջանային վերջին այցի արդյունքներին:
Հանրապետության նախագահը վերստին ընդգծել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և նշել է, որ խաղաղության գործընթացն այլընտրանք չունի:
Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերի համատեղման կարևորությունն ու հետագա քայլերի անհրաժեշտությունը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության և գործակալության ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, ինչի կապակցությամբ Սամանթա Փաուերը վերահաստատել է համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ կազմակերպության պատրաստակամությունը:
Զրուցակիցները բարձր են գնահատել նաև շուրջ երեք տասնամյակ Հայաստանի և USAID-ի միջև առկա սերտ համագործակցությունը և կարևորել են նպատակային փոխգործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերի շարունակականությունը: