Մեծ Բրիտանիայի պետական, արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի նախարար Էնդրյու Միթչելը պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք պատրա՞ստ են պատժամիջոցներ կիրառել Հին Երուսաղեմում Հայկական թաղամասի Կովերի պարտեզի տարածքը գրավելու փորձից հետո։
«Մեծ Բրիտանիան վերահսկում է իրավիճակը Հին Երուսաղեմի Հայկական թաղամասի Կովերի պարտեզում և պարզ է, որ պետք է խուսափել լարվածության հետագա աճից: Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Միացյալ Թագավորության դիրքորոշումը հստակ է. այն պետք է որոշվի իսրայելցիների և պաղեստինցիների միջև բանակցությունների արդյունքում, և Երուսաղեմը, ի վերջո, պետք է լինի Իսրայել և Պաղեստին պետությունների ընդհանուր մայրաքաղաքը: Մեծ Բրիտանիան Կրոնի կամ հավատքի ազատության (FoRB) ուժեղ աջակիցն է և մշակութային կարևոր տարածքների ամբողջականության ջատագովը, ինչը պետք է հարգվի: Միացյալ Թագավորությունը շարունակում է խիստ դիրքորոշում ունենալ վերաբնակիչների բռնության դեմ և կոչ է անում Իսրայելին ավելի կոշտ գործողություններ ձեռնարկել՝ դադարեցնելու այդ բռնությունը և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին: Մենք մշտապես հետևում ենք մեր պատժամիջոցներին և մեզ իրավունք ենք վերապահում հետագա միջոցներ կիրառել»,- ասել է նախարարը։