Պակիստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Իրանի հետ փոխադարձ վստահության հիման վրա բոլոր հարցերում։ Համապատասխան հայտարարությունը, ինչպես հաղորդում է The News թերթը, արել է Պակիստանի ժամանակավոր կառավարության ԱԳ նախարար Ջալիլ Աբաս Ջիլանին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում։
Ըստ պարբերականի՝ այս կերպ Պակիստանի իշխանությունները հասկացրել են, որ մտադիր չեն էլ ավելի սրել իրավիճակը, միաժամանակ կոչ են արել իրանցի գործընկերներին հարգել ինքնիշխանությունը։
Իրենց հերթին, ԱՄՆ պետքարտուղարության և Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչներն են Իրանին և Պակիստանին կոչ արել թուլացնել լարվածությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է Թեհրանին և Իսլամաբադին՝ զսպվածություն դրսևորել և հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Իրանի զինված ուժերը հարձակվել է Պակիստանի տարածքում գտնվող «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբի վրա։ Գործողության ընթացքում օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Պակիստանի ԱԳՆ-ն դատապարտել է հարվածը՝ այն անվանելով երկրի օդային սահմանների խախտում, որը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների: