Հունվարի 18-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստը։ ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ ԵՄ պատվիրակությունը գլխավորել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան: Մարդու իրավունքների շուրջ երկխոսությանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը հանձնառու են իրենց գործընկերության ամրապնդմանը՝ առաջ մղելով մարդու իրավունքների շուրջ ձևավորված օրակարգը, ապահովելով տեսանելի օգուտներ իրենց քաղաքացիների համար, ինչպես նաև կառուցելով ավելի ներառական հասարակություններ: Այս տարվա երկխոսությունն ընդգրկում էր թեմաների լայն շրջանակ, ներառյալ՝ գենդերային հավասարության, խտրականության բացառման, հավաքների ազատության, արտահայտման և տեղեկատվության ազատության, ընտրական և սահմանադրական բարեփոխումների, փախստականների իրավունքների, ինչպես նաև աշխատանքային իրավունքների ամրապնդման վերաբերյալ հարցեր:
Եվրոպական միությունը շնորհավորել է Հայաստանին 2022 թվականի նոյեմբերին կայացած ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների երկխոսության վերջին նիստից հետո մարդու իրավունքներին առնչվող հարցերի ուղղությամբ արձանագրած առաջընթացի կապակցությամբ՝ չնայած գոյություն ունեցող բարդ մարդասիրական մարտահրավերներին և անվտանգության բարդ համատեքստին։ Կարևոր ձեռքբերում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի ընդունումը: Մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության գենդերային նոր ռազմավարության նախագծի և «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ընթացող աշխատանքների վերաբերյալ։ ԵՄ-ն ողջունել է երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև աշխատանքի տեսչական համակարգի ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Հայաստանը ԵՄ գործընկերներին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների գործընթացը և առաջիկա քայլերը, ինչպես նաև տեղեկացրել ընտրական համակարգի լավարկման հետագա ծրագրերի մասին։
Դրվատելով Հայաստանին առկա դրական զարգացումների առթիվ՝ ԵՄ-ը նշել է, որ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարիք ունի հետագա բարելավման, մասնավորապես՝ կալանքի պայմանների, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքի վրա բռնության և խտրականության, ընտանեկան բռնության և ատելության խոսքի հետ կապված: Կողմերը քննարկել են նաև իրավապահ համակարգում և զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերող հարցեր։
Հայաստանը և Եվրոպական միությունը քննարկել են մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին առնչվող հարցերի ուղղությամբ բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցությունը՝ հաստատելով փոխգործակցությունն ամրապնդելու հանձնառությունը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 13-րդ արձանագրության վավերացումը, որը վերաբերում է բոլոր հանգամանքներում մահապատժի վերացմանը: ԵՄ-ն հաստատել է իր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը համապատասխան պետական մարմիններում ՄՔԴ կանոնների և ընթացակարգերի ոլորտում կարողությունների զարգացման գործում:
Հայաստանը Եվրոպական միությանը տեղեկացրել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական հարձակման և դրան հաջորդած բռնի տեղահանության հումանիտար և մարդու իրավունքների վրա ազդեցության մասին։ Այս համատեքստում կողմերը վերահաստատել են իրենց կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումները։ Հայաստանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումների անհապաղ կատարման կարևորությունը։
Մասնակիցները քննարկել են ավելի քան 100.000 փախստականների հրատապ կարիքները հասցեագրելու և նրանց սոցիալ-տնտեսական ներառումը դյուրին դարձնելուն ուղղված ջանքերը, որի համար միջնաժամկետ հեռանկարում զգալի աջակցություն է պահանջվում:
Եվրոպական միությունը հիշեցրել է ԵՄ-ի կողմից մարդասիրական նպատակով տրամադրված 12,2 մլն եվրո աջակցությունը և 15 մլն եվրո բյուջետային աջակցությունը, ինչպես նաև հայտնել երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանն աջակցությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների համար ֆինանսական և տեխնիկական աջակցության միջոցով շարունակելու հանձնառությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: