Պակիստանը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին: Պակիստանի ԱԳՆ տվյալով՝ թիրախում են եղել Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկիչների օբյեկտները, կան զոհեր և վիրավորներ: Գերատեսչությունը հայտնում է՝ հետախուզական տվյալներ են ստացվել այն մասին, որ Իրանում ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստվում:
Միաժամանակ, Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը վստահեցրել է՝ Իրանը «եղբայրական երկիր է» և իրենք հարգում են Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Այսօրվա ակտի միակ նպատակն էր ապահովել Պակիստանի անվտանգությունը և ազգային շահերը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իրանի պահապանների կորպուսը հարվածել էր Պակիստանում գործող «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման շտաբին, ինչից հետո Պակիստանը հետ էր կանչել Թեհրանում իր դեսպանին: Իրանական կողմը թիրախավորել էր նաև Իրաքում և Սիրիայում օբյեկտներ: Թեհրանը հայտարարում է, որ սա արձագանքն է վերջերս Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությանը, ինչի հետևանքով շուրջ 100 մարդ է զոհվել:
ԶԼՄ-ները գրում են, որ ըստ չհաստատված տեղեկությունների՝ Պակիստանը փակել է Իրանի հետ սահմանը: Իրանական բանակն էլ բերվել է պատրաստվածության բարձր մակարդակի: