Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հերթական անգամ հարվածել են Եմենի տարածքին, թիրախում են եղել «Անսար Ալլահ» շարժման հրթիռային կայանները:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նշում է, որ հարվածները հասցվում են հութիների այն օբյեկտներին, որոնք «անմիջական վտանգ են ներկայացնում Կարմիր ծովով անցնող առևտրային և ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի համար»:
Բրիտանական կողմի տվյալով՝ ավելի վաղ՝ հութիները հարձակվել են Ադենի ծոցում նավարկող ամերիկյան բեռնատար նավի վրա։ Ըստ տարբեր գնահատականների՝ 2023 թվականի նոյեմբերից ի վեր հութիները քաղաքացիական ավելի քան 20 նավ են թիրախավորել: Միջազգային առևտուրը մեծապես տուժել է:
Հութիները հայտարարել են, որ շարունակելու են հարվածել Կարմիր ծովով անցնող նավերին, որոնք, նրանց կարծիքով, կապ ունեն Իսրայելի հետ: «Անսար Ալլահ» շարժումը նախազգուշացրել է՝ հարձակումները չեն դադարի, մինչև Գազայի հատվածում պատերազմը չավարտվի: