Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին երեկ ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:
Դեսպանության տվյալով՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Դեսպան Հարությունյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ մտահոգություն հայտնելով պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունների վերաբերյալ:
Դեսպանն ընդգծել է ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացի ապահովման և ինքնիշխանության ու իրավազորության ներքո, հավասարության, փոխադարձության սկզբունքներով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ:
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ էլ նշվել է. «Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում առկա իրավիճակը: Ռուսական կողմից շեշտվել է այդ ուղղությամբ եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համալիրի հիման վրա»: