ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հունվարի 16-17-ը Վիեննայում Euromoney համաժողովի շրջանակներում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարեկան ֆորումին:
Ֆորումին մասնակցում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ, ակտիվների կառավարիչներ, ինչպես նաև ներդրումային կառավարիչներ ու բանկեր: Ի թիվս այլ հարցերի՝ ֆորումի շրջանակներում առանցքային թեմաներից են եղել ներկա գլոբալ մակրոտնտեսական միտումները, փոխառությունների դինամիկան, երկրների պարտքային ռիսկերը, կանաչ և ռազմական պարտատոմսերը, կապիտալի շուկաներում ներկա միտումները, տարածաշրջանային կոնֆլիկտները և դրանց ազդեցությունները տնտեսական զարգացումների վրա, թվային տրանսֆորմացիաները և արհեստական բանականության դերը:
Ֆորումի ընթացքում Էդուարդ Հակոբյանը հանդես է եկել որպես հիմնական բանախոս` անդրադառնալով մի շարք առանցքային հարցերի, ինչպիսիք են ՀՀ կառավարության տնտեսական ռեֆորմները, ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության միջոցառումները, Հայաստանի տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը, պետական պարտատոմսերի թողարկումը, ֆինանսավորմանն առնչվող կառավարության պլանները և այլն:
Նախարարի տեղակալն այցելել է Վիեննայի միացյալ ինստիտուտ և հանդիպում ունեցել ինստիտուտի տնօրեն Հ. Ջոլիի հետ և քննարկել կարողությունների զարգացման ոլորտում ՀՀ ֆինանսների նախարարության և ինստիտուտի միջև հետագա համագործակցության հնարավորությունները:
Հունվարի 17-ին ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի հրավերով Էդուարդ Հակոբյանն այցելել է հիմնադրամի կենտրոնական գրասենյակ, որտեղ հանդիպել է գլխավոր տնօրեն Ա. Ալխալիֆայի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից ՀՀ-ին 2023 թ. տրամադրված բյուջետային աջակցության ծրագրին, ինչպես նաև քննարկվել են հնարավոր նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: