Երևանի բնապահպանական խնդիրներին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև կանաչ գոտիների առումով մեծ խնդիրներ ունենք Երևանում, և այդ խնդիրները պետք է լուծենք: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 18-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ թեմայի շրջանակում կա երկու քննարկված ծրագիր, որի մասով վարչապետը հանձնարարականներ է տվել:
«Առաջինը Դալմայի այգիները քաղաքային մեծ զբոսայգու վերածելն է, ընդ որում՝ հնարավորինս մինիմալ, ընդհուպ նստարանների մակարդակով մինիմալ միջամտությամբ: Եվ մեկ ուրիշ նախագիծ, որն իրար հետ կապվելով՝ դառնում է Երևանի համար բնապահպանական մեգանախագիծ. դա Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու նախագիծն է:
Մենք նաև Ներդրումային կոմիտեի վերջին նիստին շատ կարճ այս թեմայով քննարկում ունեցանք, և Երևանի քաղաքապետն այս տրամաբանության ներքո առաջարկեց, որ Հրազդանի կիրճում ներդրումային ծրագրերի առումով պետք է մի քիչ զսպվածություն ցուցաբերենք, որպեսզի այդ տարածքները ռեկրեացիոն գոտու ձևավորման համար չկորցնենք: Եվ ես լիարժք պաշտպանում եմ այդ տրամաբանությունը»,- ասաց նա և հավելեց՝ քանի որ Դալմայի այգիները կից են Հրազդանի կիրճին, տրամաբանական է, որ այդ ռեկրեացիոն գոտին սկսվի Հրազդան գետի գետաբերանից և Երևանյան լճի հատվածով հասնի Կորեայի ձոր:
Փաշինյանը, դիմելով Տիգրան Ավինյանին՝ խնդրեց հավաստիացնել, որ թեման Երևանի քաղաքապետարանի օրակարգում է:
«Դալմայի [այգիների]՝ մոտավոր 250 հեկտար տարածքով հատվածում, մենք այս պահին՝ հենց հիմա, իրականացնում ենք տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, մասնավորապես՝ ներգրավել ենք ԱՄԷ-ի՝ ամենախոշոր այգիներ նախագծող ընկերությանը, որը մեզ աջակցում է հենց այս փուլից, այսինքն՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրություն իրականացնելու փուլից, և հետագայում հենց այն տրամաբանությամբ, որով նշեցիք, մաքսիմալ կանաչ տարածք ստանալու տրամաբանությամբ ամբողջ 250 հեկտարը նախագծվելու է որպես մեծ, քաղաքային անտառ-այգի:
Իրականում այդ ծավալի աշխատանքը 1 շնչի հաշվով մեզ կանաչ տարածքների առումով միջազգային ճանաչված նվազագույն շեմից մի փոքր ավելի է դարձնում, այսինքն՝ 1 շնչի հաշվով 9 քառակուսի մետր կանաչ տարածքներ ենք ունենալու Երևանում այդ ծրագրի իրականացումից հետո, և կարծում եմ, որ նմանատիպ ծրագրերը, և մանավանդ այդ ծավալի ծրագրերը միկրոկլիմայի վրա՛ էլ ազդեցություն են ունենալու»,- ասաց Ավինյանը:
Երևանի քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ քննարկվել է նաև Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի ճանաչելու նախագիծը:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ Ներդրումային կոմիտեի նիստին հավանություն է տրվել նաև Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն միացնելու նախագծին, որի իրագործման համար տարբերակներից մեկը նաև կամրջի կառուցումն է:
«Նաև Աբովյանով Գառնի տանող ճանապարհով նույնպես շրջանցիկ ճանապարհ ունենք, որը սողանքների պատճառով, ըստ էության, հիմա չի աշխատում: Այդտեղ էլ մենք պետք է լուծում գտնենք»,- ասաց վարչապետը: