ՀՀ-ի ու Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրվել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է վարկ 60,090,000 եվրոյի չափով: Կառավարության՝ հունվարի 18-ի նիստին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրեց այդ համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:
Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունն է:
Նախագծով նախատեսվում է Հրազդան գետի վրա կառուցել 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ: Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1,9 կմ է, իջատեղերով և երկրորդային ճանապարհով՝ 6,6 կմ:
Այս նախագիծը քաղաքային ենթակառուցվածքային զարգացման և երթևեկության կանոնակարգման առումով որոշակի առավելություններ կբերի՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով, որ նախագծի մասին իր կարծիքը հայտնի նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սա էականորեն կբեռնաթափի ավտոճանապարհային երթևեկությունը տվյալ հատվածում, մասնավորապես՝ Հաղթանակ կամուրջը որոշակիորեն կբեռնաթափվի, և Մոնթե Մելքոնյան ճանապարհն ուղիղ կկապվի Արշակունյաց պողոտայի հետ»,- ասաց Ավինյանը և հավելեց, որ սա կարևոր է նաև մեկ այլ՝ ավելի մեծ նախագծի տեսանկյունից. դա Նորագյուղի և հարակից տարածքների նոր թաղամասի կառուցման նախագիծն է, որի վերաբերյալ արդեն իսկ օտարերկրյա մի քանի հայտնի ճարտարապետների հետ քննարկումներ են իրականացվում: Այդ ժամանակ Նորագյուղը նոր ներդրումային հնարավորություն կունենա: