2023 թվականի փետրվարի 22-ին Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Ըստ այդմ՝ Կառավարությունը որոշում է կայացրել որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերությունից ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 12.5% տոկոսին համարժեք բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Որոշման նախագիծը Կառավարության՝ հունվարի 18-ի նիստին ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը:
«Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը, համաձայն որի՝ ՀՀ-ն «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով հասարական բաժնետոմսերի 12,5 տոկոսը, այսինքն՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր կընդունի»,- ասաց նա:
Անդրադառնալով նախագծին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ վերջին 6 տարվա ընթացքում անընդհատ առնչվել են Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, և եղել են բազմաթիվ մտահոգություններ:
«Այն ժամանակ, երբ մենք բոլոր այդ հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը, և, իհարկե, շատ ողջունելի է, որ ներդրողներն իրենք, թերևս, մի օրինակի հետևելով, ցանկացել են, որ Կառավարությունը, այսինքն՝ ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, բաժնեմաս ունենա նախագծի մեջ, և տվյալ դեպքում բաժնետոմսերի 12,5 տոկոսը պետք է անցնի ՀՀ Կառավարությանը, այսինքն՝ ՀՀ ժողովրդին»,- ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ բացի օրենսդրությամբ սահմանված վճարումներից, այդ թվում՝ ՏԻՄ-երին, լրացուցիչ ամեն տարի ազդակիր համայնքներին կվճարվի 7 միլիոն դոլար, այսինքն՝ այդ գումարը մուտք է արվելու ազդակիր համայնքների բյուջե: Տվյալ դեպքում ազդակիր համայնքներն են Սիսիան խոշորացված համայնքը, Ջերմուկ և Վայք համայնքները:
«Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով, կարծում եմ, բազմաթիվ մտահոգություններ փարատում է, և նաև լրացուցիչ խթան կլինի ՀՀ տնտեսական աճի և տնտեսական զարգացման համար: Մենք հույս ունենք, որ, իսկապես, Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ, և, իհարկե, Կառավարությունը՝ արդեն նաև որպես բաժնետեր, այս հարցում կլինի հետևողական»,- ասաց նա: