Թուրքական բանկերը համատարած հրաժարվում են աշխատել ռուսական բանկերի հետ, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ֆինանսական շուկայի աղբյուրները և արտաքին առևտրի մասնակիցներին։ Ինչպես նշում է պարբերականը, թուրքական բանկերը խզել են թղթակցային հարաբերությունները ռուսական գրեթե բոլոր վարկային հաստատությունների հետ, ինչպես նաև դադարեցրել են վճարումների գործընթացը՝ առանց պաշտոնական պայմանագրերը փակելու։ Բացառություն է արվում միայն Ռուսաստանի դուստր օտարերկրյա բանկերի համար:
Ըստ «Կոմերսանտ»-ի զրուցակիցների՝ իրավիճակն ավելի է բարդացել 2023 թվականի ամռանը և կտրուկ վատթարացել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր ստորագրեց երկրորդական պատժամիջոցների մասին օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում: Հրամանագիրը թույլ է տալիս ԱՄՆ իշխանություններին օտարերկրյա բանկերն անջատել ամերիկյան ֆինանսական համակարգից՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խախտելու համար։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Բայդենի հրամանագրով չինական պետական բանկերը նույնպես սկսել են սահմանափակել իրենց աշխատանքը Ռուսաստանից հաճախորդների հետ։ Ըստ Bloomberg-ի՝ չինական երկու բանկ որոշել է վերանայել իրենց ռուսական բիզնեսը, խզել հարաբերությունները պատժամիջոցների տակ գտնվող հաճախորդների հետ և դադարեցնել ֆինանսական ծառայությունների մատուցումը ռուսական ռազմարդյունաբերությանը։
Կրեմլը, ի պատասխան Bloomberg-ի հրապարակման, հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել երկկողմ հարաբերությունները Չինաստանի հետ։