Եմենի նախագահական խորհրդի ղեկավարի տեղակալ Այդարուս Ալ Զուբայդին կոչ է արել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային շարունակել հարվածներն ապստամբ հութիների դիրքերին, չորեքշաբթի հաղորդում է EFE գործակալությունը:
«Հութիները խորացնում են հումանիտար ճգնաժամը մի երկրում, որտեղ բնակչության մեծ մասը 80% - ով կամ 90%-ով կախված է ներմուծումից»,- հայտարարել է պաշտոնյան: Նրա խոսքով ՝ «եթե էսկալացիան շարունակվի, Եմենը կրկին կարող է բաժանվել երկու մասի»:
Ալ Զուբայդին հավելել է, որ «Բաբ Էլ Մանդեբի նեղուցը միջազգային է, հետևաբար, միջազգային հանրությունը պետք է այն պաշտպանի»:
Այդարուս Ալ Զուբայդին ներկայացնում է միջազգայնորեն ճանաչված Եմենի կառավարությունը, որը 2014 թվականից դիմակայում է ապստամբ հութիներին: Կառավարությունը վերահսկում է Եմենի արևելքը, մինչդեռ հութիները՝ երկրի արևմտյան և հյուսիսային տարածքները:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան նավերի վրա նրանց շարունակական հարձակումների: Հարձակումներն իրականացվել են Ավստրալիայի, Նիդերլանդների, Բահրեյնի և Կանադայի աջակցությամբ։ Ի պատասխան՝ ապստամբները սպառնացել են ընդլայնել իրենց հարձակումների թիրախների շրջանակը Կարմիր ծովում։