ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել մեծացնել Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելությունը և սահմանել դրա ֆինանսական ծախսերը մինչև 2025 թվականը։
«Մենք ողջունում ենք Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդլայնելու ԵՄ Խորհրդի որոշումը: Առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասված է առաքելության X-ի միկրոբլոգում:
ԵՄ կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ 2023 թվականի հունվարի 23-ից մինչև 2025 թվականի փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում առաքելության հետ կապված ծախսերը հոգալու համար նախատեսված հիմնական ֆինանսական գումարը կկազմի 39 միլիոն 35 հազար եվրո։
2023 թվականի դեկտեմբերին ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելության թիվը 138-ից կհասցնի 209-ի։
2023 թվականի փետրվարի 20-ին Եվրամիությունը հայտարարել է Հայաստանում երկամյա քաղաքացիական առաքելության մեկնարկի մասին: Առաքելության նպատակներն են ՝ պլանային պարեկության իրականացումը և իրավիճակի մասին հաշվետվությունների տրամադրումը, Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության խթանումը, ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմանների ապահովումը:
2023-ի նոյեմբերի 20-ին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը: