ՀՀ ԱԳՆ-ն շարունակելով 2023 թ. եվրոպական ուղղությամբ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումներին ամփոփիչ անդրադարձները՝ նշենք, որ 2023 թ. մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսությունը, որի առաջին նիստը կայացել է նոյեմբերին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած այցի շրջանակներում:
ԱԳ նախարարի այցը նշանավորվել է նաև Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման պաշտոնական արարողությամբ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Տարվա ընթացքում կայացել են նաև Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի այցերը տարածաշրջան, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի շփումները ՄԹ նորանշանակ ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոնի հետ:
Միացյալ Թագավորության գործադիր և օրենսդիր մարմինների, գիտահետազոտական, լրատվական շրջանակների հետ ակտիվ քննարկումները միտված են եղել զարգացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը բազմակողմ հարթակներում, ինչպես նաև փոխըմբռնումը տարածաշրջանային հարցերի շուրջ: Տնտեսական համագործակցության զարգացման նպատակով Լոնդոնում կազմակերպվել է հայ-բրիտանական գործարար համաժողով: