Այդ օրերի համար վերադաս հրամանատարության կողմից առկա են եղել գրավոր հանձնարարակականներ՝ որևէ տեղաշարժ չիրականացնել: Այդ օրը մենք ունեցել ենք 5 զինծառայող, որոնց ծառայության ժամկետն ավարտվել է, բայց եղանակային անբարենպաստ պայմաններով տվյալ զինծառայողներից 4-ը շարունակել են մնալ իրենց դիրքերում, և միայն 2 օր անց է հնարավոր եղել նրանց իջեցնել դիրքերից և պատշաճ զորացրել տուն: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով զինծառայող Բենիամին Մանուչարյանի զոհվելու դեպքին՝ հավելելով, որ յուրաքանչյուր դեպք, դժբախտ պատահար իր համար անձնական դժբախտություն է և ծանր ցավ, և, օգտվելով առիթից, ցավակցել զինծառայողի հարազատներին դժբախտ պատահարի առիթով և կորստի համար:
«Անդրադառնալով հարցին ու խնդրին՝ պետք է նշեմ, որ դրա ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ ծառայողական պատշաճ քննության արդյունքում, և միևնույն ժամանակ քննչական գործողությունների արդյունքում ի հայտ կգան բոլոր այն խնդիրները, որոնք դարձել են պատճառ այս դժբախտ պատահարի»,- նշեց նա:
Նախարարն ընդգծեց, որ խնդիրն ունի երկու կողմ: «Մեկը բնական պայմաններն են: Ես պիտի նշեմ, որ հանրությունն իմանա՝ վերջին 10 օրվա ընթացքում շատ բարդ, երբեմն անտանելի եղանակային պայմաններ են բարձրլեռնային հատվածներում: Այս պահին մենք ունենք 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր. ըստ էության, կարելի է ասել՝ փակ, որոնք ամենօրյա ռեժիմով բացվում են, բայց եղանակային պայմանների բերումով դրանք մշտապես փակման ենթակա են բքի և ձնահյուսերի պատճառով: Սրանից զատ` կան նաև դժվարհասանելի ուղղություններ: Նշեմ նաև, որ մենք ունենք շուրջ մեկ տասնյակի հասնող դիրքեր, որտեղ բոլոր տիպի եղանակային պայմաններում, այդ թվում` ամառային ամենատաք շրջանում, մեքենայով հնարավոր չէ հասնել այդ դիրքերին: Այսինքն` ուզենք թե չուզենք, զինծառայողների տեղաշարժը մինչև այդ դիրք, նաև սննդի տեղաշարժն իրականացնում ենք հետիոտն կամ այլ մեխանիզմներով: Դրանք պայմանավորված են տվյալ դիրքերի աշխարհագրական դիրքով:
Շատ կարևոր է նշել, որ մենք գործ ունենք վերջին 3 տարվա ընթացքում ձևավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են մեզ հայտնի որպես պոտենցիալ ձնահյուսերի ուղղություններ: Իհարկե, անվտանգությունն ապահովելու համար մեր կողմից մշտապես իրականացվում են և՛ պայթեցման աշխատանքներ, և՛ կանխարգելիչ աշխատանքներ, բայց ունենք իրավիճակներ, երբ բնությունն անկանխատեսելի է:
Իհարկե, այս խնդրի, դիպվածի հիմքում կան նաև պատշաճ պարտականությունները կատարելու մեջ թերացումներ: Ես անուններ և պաշտոններ բնականաբար չեմ հնչեցնի, բայց պետք է նշեմ, որ սա չի կարող չունենալ պատասխանատուներ: Դա կարող է ի հայտ բերել պատշաճ քննությունը: Կարող եմ ասել հետևյալը, որ գոնե վերադաս հրամանատարության կողմից առկա են այդ օրերի համար գրավոր հանձնարարակականներ՝ որևէ տեղաշարժ չիրականացնել: Ավելին ասեմ՝ հատուկ բանակային կորպուսի տարածքում այդ օրը մենք ունեցել ենք 5 զինծառայող, ում ծառայության ժամկետն ավարտվել է, բայց եղանակային անբարենպաստ պայմաններով տվյալ զինծառայողներից 4-ը շարունակել են մնալ իրենց դիրքերում, և միայն 2 օր անց է հնարավոր եղել նրանց իջեցնել դիրքերից և պատշաճ զորացրել տուն»,- ասաց Պապիկյանը:
Դեպքի առնչությամբ նա նշեց, որ կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը: «Պետք է հորդորեմ նաև մեր քաղաքացիներին, հարազատներին՝ մեր զինծառայողների բոլոր պարագաներում զերծ մնալ ԶՈՒ սպաների նկատմամբ անհարկի պահանջներից, ստիպողական կամ զգայական վարքագծով նրանց ստիպել, որ կատարեն պարտականություններ, որոնք իրավունք չունեն կատարել: Եղել է այնպես, որ մի խումբ հատուկ տեխնիկայի միջոցով գնացել է ընդառաջ զինծառայողին, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ նրանք մոտենան դիրքին, զինծառայողը եկել է նրանց ընդառաջ, բայց ձնահյուսի բերումով տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց Սուրեն Պապիկյանը: