100 հազար դրամ աջակցությունը վճարվել է այս պահի դրությամբ 112.080 անձի, «40+10 հազար» ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսվա համար վճարվել է 104.027, նոյեմբերի համար՝ 77503 անձի: 50 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար՝ 69429, դեկտեմբեր ամսվա համար՝ 74439 անձի: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասով աջակցության ծրագրերին:
Ըստ նախարարի՝ հունվարի վճարումները ընթացքի մեջ են, այսօր արդեն մոտ 15 հազար անձի ուղարկվել են որոշակի վճարներ:
Ինչ վերաբերում է նպաստներին, ապա 135 անձի նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ, 191 անձի՝ մայրության նպաստ, 174 անձի՝ մինչև 3 տարեկան երեխայի նպաստ: Դիմումները շարունակվում են ընդունվել և մշակվել:
Թոշակների վճարման մասով նախարարը տեղեկացրեց, որ դրանք կվճարվեն յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը, իսկ նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները կստանան այն օրը, երբ կստանան ՀՀ քաղաքացիները:
Այլ հարցի շրջանակում անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առնչվող ծրագրերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 3 օր առաջ փոխվարչապետը նրանց բնակարանային ապահովման ծրագիրն է ուղարկել իրեն, և պայմանավորվել են, որ մեկ շաբաթվա ընթացքում մեծ խորհրդակցություն հրավիրել, կայացնել վերջնական որոշումներ ծրագրին ընթացք տալու համար: