Սուբվենցիոն փաթեթներն անընդհատ փոխվում են և բարեփոխվում են, և, իհարկե, դրանք տեղի են ունենում նաև հնչող առաջարկների հիման վրա: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի՝ սուբվենցիաների վերաբերյալ հարցին:
«Սուբվենցիոն ծրագրեր նախագծելիս մենք աշխատում ենք առնվազն այս փուլում իրենց բովանդակությամբ կապիտալ բնույթի ծախսեր անել, ինչքան էլ որ սուբվենցիաները ընթացիկ ծախս են համարվում բյուջետային դասակարգմամբ, որովհետև մենք կարծում ենք, որ դա ավելի շատ մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենում: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկ, առավել ևս, եթե հանկարծ այդ առաջարկները գան համայնքներից կամ պատգամավորներից»,- ասաց վարչապետը: