Երախտագիտություն եմ հայտնում Ավստրիայի խորհրդարանին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը դատապարտող բանաձևը հոկտեմբերին միաձայն ընդունելու համար: Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի Դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովրդին: Հունվարի 17-ին Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին ընդգծել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Բանաձևն անդրադառնում է տարբեր միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ ազատ և անխոչընդոտ, երկարատև մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելուն, ինչպես նաև ԼՂ մշակութային արժեքների և եկեղեցիների համապարփակ պաշտպանությանը: Այս համատեքստում պատգամավորը տեղեկացրել է, որ ընդամենը երկու օր առաջ ադրբեջանական յութուբյան ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում, որը նկարահանվել է ԼՂ Հաթերք գյուղում, երևում է, որ գյուղի ինքնապաշտպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը և շրջակա գերեզմանոցը ենթարկվել են վանդալիզմի: Նա հավաստիացրել է, որ նման տեսանյութերը, ցավոք, բազմաթիվ են: Ռուստամ Բաքոյանը կարևորել է եվրոպական երկրների, այդ թվում՝ Ավստրիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրելը և պատժամիջոցներ կիրառելը, ինչի արդյունքում այդ պետությունը կհրաժարվի Հայաստանի նկատմամբ հարձակողական մտադրություններից և ագրեսիվ գործողություններից:
Ավստրիայի Ազգային խորհրդի «Կանաչներ» խմբակցության անդամ Էվա Էռնստ Ձիձիչը համոզմունք է հայտնել, որ վերոնշյալ բանաձևն առաջինը չէր և վերջինը չի լինելու, քանի որ Հայաստանում իրավիճակը շարունակում է բարդ մնալ նաև մարդասիրական խնդիրների տեսանկյունից, որի շրջանակում Ավստրիան հետագայում ավելի շատ անելիք կունենա:
Վերը նշված բանաձևը հանդես է գալիս նաև Հայաստանին անհրաժեշտ միջոցների տրամադրման օգտին՝ հումանիտար իրավիճակի հետագա կայունացման նպատակով: Այս առումով հանձնաժողովի փոխնախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու ծրագրերը, նշել, որ ՀՀ կառավարությունը կարճաժամկետ ծրագրերով խնդիրները լուծել է, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ժողովրդավար երկրների աջակցության կարիքն ունի:
Հանձնաժողովի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը և Տիգրան Պարսիլյանն անդրադարձել են տարածաշրջանային և անվտանգային խնդիրներին, երկկողմ մշակութային ու տնտեսական կապերի ակտիվացմանը: Կարևորվել է Ավստրիայի աջակցությունը վիզաների ազատականացման գործընթացում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ մեր երկիրը 2018 թվականից հետո ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, և այս իմաստով եվրոպական ինտեգրումն ու եվրոպական քաղաքակրթությունը Հայաստանում զարգացնելը մեզ համար կենսական նշանակություն ունի: Ըստ նրա՝ Հայաստանի համար ժողովրդավարությունը նաև անվտանգության գործոն է: Այս համատեքստում ընդգծվել է եվրոպական երկրների աջակցությունն անվտանգային, տնտեսական և ժողովրդավարության հարցերում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև փոխադարձ այցերի ակտիվացմանը, ժողովրդավար երկրների լավագույն փորձի ուսումնասիրությանն ու տեղայնացմանը: Կարևորվել է երկու խորհրդարանների համանման հանձնաժողովների սերտ համագործակցությունը: