Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի պանելային քննարկմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն անդրադարձել է Ուկրաինայի իրավիճակին:
«Մարտի դաշտում իրավիճակը չափազանց բարդ է։ Ռուսներն այժմ հարձակվում են բազմաթիվ ճակատներով։ Լայնածավալ հարձակումը, որն ուկրաինացիները սկսեցին անցյալ ամռանը, չտվեց այն արդյունքը, որը մենք ակնկալում էինք»,- նշել է Ստոլտենբերգը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանից ստանում է անօդաչու թռչող սարքեր, իսկ Հյուսիսային Կորեայից՝ զինամթերք և բալիստիկ հրթիռներ:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ «Ուկրաինան գոյատևեց որպես ինքնիշխան անկախ պետություն, ինչը նրանց համար մեծ հաղթանակ է»։ Ըստ Ստոլտենբերգի՝ պատերազմում Ռուսաստանը 300 000 զինվոր է կորցրել:
«Ռուսաստանը պարտվում է: Դա նշանակում է, որ Ռուսաստանը կորցրել է այն, ինչին ցանկանում էին հասնել պատերազմով, այն է՝ Ուկրաինայի նկատմամբ վերահսկողությունը։ Ուկրաինայի ժողովուրդը երբեք ավելի քիչ չի վստահել Ռուսաստանին, քան այսօր։ Եվ նրանք ցանկանում են լինել Արևմուտքի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի մաս, և նրանք ավելի մոտ են մեզ, քան երբևէ»,- նշել է Ստոլտենբերգը:
Անդրադառնալով հնարավոր զարգացումներին՝ նա հրաժարվել է կանխատեսել հակամարտության ելքը: Ստոլտենբերգի խոսքով՝ այն, ինչ Արևմուտքը կարող է անել խաղաղություն հաստատելու և Ուկրաինայի ինքնիշխանությունը պահպանելու համար, Կիևին ավելի շատ զենք տրամադրելն է։