Եվրոպական միությունը Բաքվին հստակ ուղերձներ է հղում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։
Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին։
«Մենք սերտ կապի մեջ ենք եղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ՝ առանց հոգնելու կրկնելով մեր աջակցությունը երկու երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հիմնախնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն։
Մեր հաղորդակցության ուղիները մնում են բաց։ ԵՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանին հստակ ուղերձներ հաղորդելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների վրա։ Մենք մնում ենք հաստատուն այս դիրքորոշման մեջ։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում են իրենց ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման համար»,- նշել է Ստանոն։