Խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին այն մասին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների ֆոնին ինչի շուրջ են բանակցում Հայաստանն ու Ադրբեջանը, եթե նրա հայտարարությունները մեզ համար մերժելի են:
Պապոյանի խոսքով՝ խնդիրն ուրիշ տեղ է, և ինչպես ՀՀ վարչապետն էլ է նշել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում, Ալիևի այդ հայտարարությունները մեզ համար անընդունելի են:
Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք պե՞տք է բանակցել Ալիևի հայտարարությունների ֆոնին, որոնք չեն նպաստում խաղաղությանը, հակառակը՝ նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին, ընդգծեց՝ իհարկե պետք է, քանի որ բանակցությունից դուրս գալը կնշանակի՝ մենք գնում ենք պատերազմի ճանապարհով:
«Կարծում եմ՝ այդպես ճիշտ չէ: Պատրաստվել խաղաղության՝ չի նշանակում զենքերը հանձնել կամ ընդհանրապես հանձնվել: Խաղաղության պատրաստվելը կարող է ենթադրել գործողություն, երբ դու, օրինակ, քո մարտունակությունը բարձրացնում ես՝ դրանով պատրաստվելով խաղաղության, որովհետև մեր բանակը նպատակ չունի այլ երկրից տարածքներ գրավել: Մեր բանակն ունի մեկ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության տարածքները պահել անձեռնմխելի»,- ասաց Պապոյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը խոսում է 8 գյուղի մասին, մենք՝ 32 գյուղի, բայց մենք ուզում ենք, որ հիմքում դրվեն այդ քարտեզները, որոնք իրենց հիմքում ունեն իրավական հիմնավորվածություն:
«Որովհետև կարելի է բերել քարտեզ մ.թ.ա. 2-րդ դարի, 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետոյի: Դա լուրջ չէ: Մենք պետք է բերենք քարտեզ, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը եղել են անկախ պետություններ, կամ եթե անկախ չեն եղել, եղել են Խորհրդային Միության կազմում, և եղել են որոշակի սահմաններ, որոնք իրավական հիմքեր են ունեցել:
Մենք հիմա ասում ենք՝ 1974 թվականի քարտեզ, բայց եթե հայտնվի 1960 թվականի քարտեզ, որն էլի իրավական հիմք ունի, մենք սկզբունքորեն խնդիր չունենք դրա հետ, բայց քարտեզը պետք է ունենա իրավական հիմք, հաստատված լինի Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդների կողմից, կամ Խորհրդային Միության Գերագույն խորհրդի կողմից: Դա պաշտոնական փաստաթուղթ պետք է լինի: Սա մեր հստակ դիրքորոշումն է»,- հավելեց Պապոյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական զորքը ոչ մի քայլ հետ չի գնա այն դիրքերից, որոնք զբաղեցրել են, իսկ դրանք ՀՀ ինքնիշխան տարածքներն են, Պապոյանն ասաց, որ դա այն ապակառուցողական հայտարարություններից է, որն անթույլատրելի ենք համարում, և որը որևէ կերպ չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:
«Ինչու, օրինակ, երեկ, այսօր կամ վաղը խաղաղության պայմանագիր չի կնքվում: Հենց նաև նման հարցերի պատճառով: Հստակ է, որ առանց քարտեզների ցանկացած լուծում իրավական առումով ունենալու է խնդիր՝ առաջացնելով ապագայում նոր քաղաքական լարվածություններ:
Արդար մոտեցումն այն է, որ վերցնում ենք քարտեզը, դրա հիման վրա կնքում ենք խաղաղության պայմանագիրը, հետո այդ քարտեզը վերցնում են երկու կողմի սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնողները ու սկսում են կոնկրետ կոորդինատներով գնալ՝ այ այստեղ Հայաստանն է, այստեղ Ադրբեջանն է: Ֆունդամենտալ հարցը քարտեզն է: Եթե խաղաղության պայմանագրի հիմքում դրվի քարտեզը, հարցը հետագայում շատ տեխնիկական է»,- նկատեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է զորքերի հայելային հետքաշման մասին հարցին՝ նշեց՝ երկու կողմի զորքերը, ըստ էության, հետ են քաշվում, նույն դիրքերում, նույն տեղում գալիս են երկու երկրների սահմանապահները, այնուհետև սկսում ենք սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները:
«Հայելային հետքաշում նշանակում է՝ զորքերը հետ են քաշվում, տեղը գալիս են սահմանապահները: Օրինակ՝ Հայաստանի և Վրաստանի սահմանին զորքեր են կանգնա՞ծ, բայց սահման կա, չէ՞: Սրա մասին է խոսքը: Այդ սահմանը այն քարտեզներով է արձանագրված, որով Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրով անկախություն են հռչակել, դա այն սահմանն է, որով Հայաստանը և Ադրբեջանը դարձել են ՄԱԿ-ի անդամներ»,- նկատեց պատգամավորը: