Դուք երբևէ Հայաստանի վարչապետի կողմից լսե՞լ եք հայտարարություն «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, որն այդ միջանքային տրամաբանության մեջ է: Մենք ինչ հայտարարել ենք 3,5 տարի առաջ, հիմա էլ հայտարարում ենք, որ Հայաստանի իրավազորության ներքո պատրաստ ենք ճանապարհներ տրամադրել: Մեր իրավազորության ներքո պետք է լինեն այդ տրանսպորտային ուղիները: Խաղաղության խաչմերուկը հենց դրա մասին է, որ բեռները Եվրոպայից անարգել կարող են գնալ Ասիա Հայաստանի տարածքով և հակառակը:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի տրանսպորտի նախարարի հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը 2028 թվականին արդեն պետք է ավարտված լինի, և որ իրենք դրական ազդակներ են ստացել ՀՀ վարչապետից:
Պապոյանի խոսքով՝ նույնն ասվում է նաև Ադրբեջանին:
«Չի կարող այլ կերպ լինել: Սա մեր դիրքորոշումն է, և մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա: Նոր բան այսպես ենք ձևակերպել՝ այն պայմաններով, որը Իրանը տալիս է Ադրբեջանին, մենք այդ պայմաններով կարող ենք ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, իսկ Իրանը ճանապարհ է տալիս Ադրբեջանին այն պայմաններով ինչ նշեցի, որը Իրանի իրավազորության տարածքն է»,- հավելեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարությանը, թե իրենց բեռնատարները և մարդատար ավտոմեքենաները պետք է անխոչընդոտ անցնեն Հայաստանով, Պապոյանը նկատեց՝ նման պայման չի կարող լինել, քանի որ նույնիսկ մենք մեր երկրում մեր ուզած պայմաններով չենք կարող տեղաշարժվել:
«Մենք կարո՞ղ ենք ավտոճանապարհով գնալ 150 կմ/ժ արագությամբ: Կան կանոններ, որոնց բոլորը պետք է հետևեն: Եթե կան կանոններ, որոնք վերաբերում են օտարերկրացիներին, իրենք ևս այդ կանոնները պետք է պահեն: Այդպես չի կարող լինել»,- ավելացրեց Պապոյանը:
Ինչ վերաբերում է Ալիևի կողմից վերջին շրջանում հնչող ուղիղ երկխոսության մասին հայտարարություններին՝ Պապոյանը նկատեց՝ մենք և՛ ուղիղ ենք խոսում Ադրբեջանի հետ, և՛ միջնորդների միջոցով: Օրինակ՝ հունվարի վերջին տեղի է ունենալու սահմանազատման հանձնաժողովների նիստը, ինչը ուղիղ երկխոսություն է:
«Գերիների փոխանակությունը ևս տեղի ունեցավ ուղիղ երկխոսության միջոցով: Կարծում եմ՝ մեզ համար ընդունելի է ցանկացած տարբերակ, որտեղ մեր դիրքորոշումները հարգվում և ընդունվում են, ինչպես մենք ենք հարգում հակառակ կողմի դիրքորոշումները, նրանք, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքին»,- պարզաբանեց Գևորգ Պապոյանը: