Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Արաբական ծոցի պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Ողջունելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ, դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 16-ին, որին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Վիլեն Գաբրիելյանը, Գուրգեն Մելքոնյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Սարգսյանը:
Քաղաքական երկխոսության խորացման և համագործակցության կայուն առաջընթացի ապահովման համար Արմեն Խաչատրյանը կարևորել է նման փոխայցերն ու հանդիպումները: Երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության դերը: «Համոզված եմ, որ հետայսու մեր երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման նոր էջ կբացվի՝ հիմնված գործընկերության և մեծ հեռանկարների վրա»,- ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին նշել է, որ սա առաջին պաշտոնական հանդիպումն է ԱՄԷ-ի և Հայաստանի խորհրդարանականների հետ ու ակնկալում են, որ այս հանդիպումով համագործակցության ու հարաբերությանների զարգացման նոր հորիզոններ կբացվեն: Նա ներկայացրել է իրենց տարածաշրջանի անվտանգային ռիսկերը, մարտահրավերները, ահաբեկչության, ծայրահեղականության դրսևորումների դեմ իրականացվող պայքարի մեխանիզմները: Նրա խոսքով՝ ԱՄԷ-ի անվտանգության ռազմավարությունը մշակվել է կանխարգելման սկզբունքի հիման վրա:
Արմեն Խաչատրյանի գնահատմամբ՝ ԱՄԷ-ն տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և Հայաստանը բարձր է գնահատում ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամական ջերմ հարաբերությունները հիմք կդառնան առկա ներուժի լիարժեք իրացման համար:
Խոսելով տարածաշրջանային անվտանգային խնդիրների մասին՝ Արմեն Խաչատրյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական գործողությունները, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը: Նա նշել է, որ չնայած բազում մարտահրավերներին և դեռ առկա իրավիճակին՝ ՀՀ-ն ունի քաղաքական կամք կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ՝ որդեգրելով խաղաղության օրակարգ:
Պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի խոսքով նախագիծը կնպաստի խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը՝ բացելով նոր հորիզոններ տարածաշրջանում՝ հյուսիսից հարավ:
Արմեն Խաչատրյանը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ վստահեցնելով, որ մեր երկրում նույնպես կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվում:
Անդրադարձ է կատարվել ռազմաքաղաքական համագործակցությանն առնչվող հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման, փոխադարձ այցերի, անվտանգության ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ: