Հունվարի 16-ին` ժամը 15։38-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղից Ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորակը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 1957 թ.) և «SITRAK» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը (վարորդ՝ Մ․ Դ․)․ «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորակը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Է․ Ս․-ին (ծնված 1982 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից:
Փրկարարները Է․ Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։