Հունվարի 16-ի նիստին Ազգային ժողովը քվեարկության դրեց և առաջին, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր և վավերացրեց մի քանի համաձայնագրեր:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով սահմանվում է, որ 2027-ից եկամտային հարկի վերադարձի օրենքը չի գործելու 4 մարզում՝ Կոտայքում, Արագածոտնում, Արմավիրում, Արարատում: 2029-ից մնացած մարզերում է դադարելու գործել՝ բացառությամբ սահմանամերձ բնակավայրերի: Երրորդ փոփոխությամբ սահմանվում է, որ մեկ եռամսյակի համար եկամտային հարկի վերադարձը չի կարող գերազանցել 750 հազար դրամը: Մյուս փոփոխությունն էլ այն է, որ այս եկամտային հարկի վերադարձի կանոնը շարունակելու է գործել արդեն իսկ շահառու դարձածների համար:
Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Ըստ նախագծի՝ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարգևատրված՝ զենք ունեցող անձինք պարտավոր են Ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք և հանձնել քննություն:
Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է:
ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգային հարցերը սպառվեցին: Այսօր՝ 16:30-ին, կլինի հայտարարությունների ժամ, իսկ չորեքշաբթի՝ 16:30-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան: