ՊԵԿ-ում ներդնում ենք կատարողականի գնահատման ընթացակարգ: Անընդհատ քննարկվում է, թե ինչ սկզբունքով է պետական ոլորտում վարձատրությունը որոշվում, և մենք որոշել ենք գնալ միջազգային փորձով, ինչը ենթադրում է կատարողական արդյունքների գնահատական և դրա հիման վրա հարկային կամ մաքսային ծառայողի վարձատրության արդար համակարգ:
Կառավարության ներկայացրած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նախագծի նպատակներն են՝ որպեսզի ՊԵԿ-ից մասնագետների հոսունությունը դադարի, քանի որ, ըստ Բադասյանի, գրավիչ առաջարկների պատճառով առաջատար մասնագետները նախընտրում են մասնավոր ոլորտը:
Նրա խոսքով՝ դա բացասաբար է ազդում թե՛ հարկային, թե՛ մաքսային վարչարարության վրա, և իրենք նախընտրել են ներդնել կատարողականի գնահատման արդյունավետ համակարգ, որն արդար վարձատրության մեխանիզմ է:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ողջունելով վարձատրության արդարացիության հետ կապված համակարգի ներդրումը, նկատեց՝ արդյոք աշխատակիցները շատ ակտեր գրելով չե՞ն խանգարի ձեռներեցներին, արդյոք իրենք հաշվի՞ են առել այդ վտանգը, ինչին ի պատասխան՝ Բադասյանը նշեց՝ հարցը շատ է քննարկվել ԱԺ հանձնաժողովում և ՊԵԿ-ում, և խոսքը քանակային, արհեստական ցուցանիշներին չի վերաբերում:
«Նախ՝ մենք վարչարարության որակն ու բովանդակությունը փոխել ենք: Բնականաբար, բացասական կատարողականը ևս հաշվի է առնվելու վարձատրության համակարգը որոշելիս, և օրինականությունն այստեղ կարևորագույն կոմպոնենտներից է: Վստահեցնում եմ՝ չի լինի այնպիսի չափանիշ, որը կմղի արհեստական ցուցանիշների առաջացմանը կամ հարկ վճարողների իրավունքների խախտմանը»,- պարզաբանեց Բադասյանը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանը նկատեց՝ այս նախագծի բովանդակությունը երևի թե այն միակ նախագծերից է, որ կապ ունի հավելավճարների հետ, բայց կապ չունի աշխատավարձերի բարձրացման հետ: Նրա խոսքով՝ այն ավելի շատ խրախուսող նորմ է և միտված է արդյունավետության բարձրացմանը ու աշխատակիցների միջև առողջ մրցակցությանը:
Մինասյանը տեղեկացրեց՝ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, նա խնդրեց կողմ քվեարկել նախագծին:
Նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ քննարկվող նախագիծը խեղաթյուրում է հանրային ծառայողների վարձատրության միասնական համակարգը:
Իր հերթին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մտահոգություն հայտնեց՝ ասելով՝ հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն պետք է լինի աշխատակիցների միջև: Նա հորդորեց աշխատավարձերի բարձրացման միասնական սանդղակ մշակել:
Ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններին արձագանքեց Լիլիթ Մինասյանը:
«Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, որ դրույքաչափերի միասնական համակարգը խախտված է, սակայն դա նոր չէ: Դա շատ վաղուց էր: Դուք ասում եք՝ 10 տարի առաջ քաոս էր, դուք ստեղծեցիք միասնական համակարգ, ես կարծում եմ՝ 10 տարի առաջվանից այդ միասնական համակարգն արդեն իսկ չի գործել, որովհետև ծրարներով էին մարդիկ աշխատավարձերը ստանում:
Այդ դրույքաչափերի խախտման հետևանքով ունենք այնպիսի մի համակարգ, որ չունենք աշխատավարձերի գնահատման միասնական համակարգ:
Այս մեխանիզմը, որ դրվում է, խթանում է մարդկանց կրթություն և հավելյալ մասնագիտացում ստանալ: Պետական աշխատանքը պետք է լինի գրավիչ, որպեսզի կարողանանք նորմալ մասնագիտացում ունեցող մարդկանց ներգրավել այս համակարգ»,- ընդգծեց Մինասյանը: