Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
«Առաջին ընթերցումից հետո Կառավարության մեր գործընկերների կողմից ստացել ենք մի քանի առաջարկներ, այդ թվում՝ առաջարկներ ունեցել եմ նաև ես»,- ասաց հիմնական զեկուցող, պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ ներկայացնելով նախագծի լրամշակված տարբերակը:
Պատգամավորը ներկայացրեց բովանդակային առաջարկություններից մի քանիսը:
Դրանցից մեկը նախատեսում է դրույթ, որով արգելվում է անչափահասների կողմից աերոզոլային և այլ սարքերի, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող զենքերի ու կայծային մակնիշների շրջանառությունը:
«Առաջարկում ենք գործնական քննությունից ազատել այն քաղաքացիներին, որոնք ծառայել կամ ծառայում են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները, կամ դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին, ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք, և ծառայությունը չի ազատվել վաղաժամկետ, իսկ պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել 5 տարին: Սա հաշվի ենք առնում պարտադիր ժամկետային զինծառայության և վարժական հավաքներին մասնակցած քաղաքացիների կողմից զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների տիրապետումը և դիտարկում ենք որպես խրախուսող նորմ:
Երրորդը, որ կուզեմ առանձնահատուկ մատնանշել, որը բովանդակային կարևոր առաջարկություն է՝ արված Կառավարության կողմից, այն է, որ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարգևատրված՝ զենք ունեցող անձինք պարտավոր են Ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք և հանձնել համապատասխան քննություն, հակառակ պարագայում` իրենց սեփականություն հանդիսացող պարգևատրված զենքը մալելու է»,- հայտնեց պատգամավորը:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հիշեցրեց՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը սկսել է գործել 2023 թվականի հունիսի 1-ից, և գործողության մեջ դրվելուց հետո մի շարք պրակտիկ խնդիրներ էին առաջացել, որը հանգեցնում էր օրենքի որոշ դրույթների լավարկմանը, ինչն արվել է հեղինակի կողմից:
«Բոլոր հարցերը մանրամասն քննարկվել են գլխադասային հանձնաժողովում, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին»,- ասաց Խաչատրյանը:
Հարակից զեկուցող, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրեց՝ առաջին ընթերցման շրջանակում Կառավարությունը մի շարք առաջարկներ էր ներկայացրել նախագծի հեղինակին:
«Շատ ինտենսիվ աշխատել ենք պարոն Գաբրիելյանի հետ, և առաջարկների մեծ մասն իրացված է: Կան որոշ առաջարկներ, որոնք պայմանավորվածություն ունենք դիտարկելու առանձին քննարկման շրջանակներում: Հայտնում եմ Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու մոնիթորինգի ենթարկել գործող օրենքը և առաջացող ցանկացած խնդրի պայմաններում հանդես գալ համապատասխան լուծումներով»,- նշեց Արփինե Սարգսյանը: