Կիրակի հրաբխի ժայթքում է սկսվել Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում, երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գրինդավիկ քաղաքից հյուսիս:
Իսլանդական ռադիոյի տվյալներով՝ ժայթքումին նախորդել է փոքր երկրաշարժերի շարք։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայումս լավայի հոսքն արդեն ձևավորվել է, և այն մեծանում է, սակայն հստակ վայրը, թե որտեղից է լավան դուրս գալիս, առայժմ հնարավոր չէ որոշել: Մեծանում է նաև ժայթքման հետևանքով գետնի վրա առաջացած ճեղքը։
Հրաբխի ժայթքման պատճառով Իսլանդիայի քաղաքացիական պաշտպանության անձնակազմը տարհանել է Գրինդավիկ քաղաքի բնակչությանը:
Երկար ժամանակ Ռեյկյանես թերակղզում հրաբխային ժայթքումներ չեն եղել, ինչը հիմք է տալիս հրաբխագետներին ենթադրել, որ այդ գործընթացը կարող է տարածաշրջանում հրաբխային գործունեության նոր դարաշրջանի սկիզբ դառնալ: