Իսրայելցի ֆուտբոլիստ Սագիվ Եհեզկելն ազատ է արձակվել կալանքից և արտաքսվել Թուրքիայից: Նրան ձերբակալել էին «Տրաբզոնսպորի» հետ հանդիպման ժամանակ։
Թուրքական «Անթալիասփոր» ակումբում հանդես եկող Եհեզկելը ձերբակալվել էր հունվարի 14-ին թուրքական ոստիկանության կողմից՝ «Տրաբզոնսպոր» ակումբի հետ հանդիպման ժամանակ Իսրայելին համերաշխություն հայտնելու համար։ Նա իր խփած գոլը նվիրել էր ՀԱՄԱՍ-ի գերեվարած մարդկանց։
Դրանից հետո «Անթալիասփոր»-ի տնօրենների խորհուրդը խաղացողին հեռացրել է ակումբից՝ բացատրելով, որ իսրայելցի ֆուտբոլիստը «գործել է Թուրքիայի ազգային արժեքների դեմ»։
Նույն օրը Թուրքիայի արդարադատության նախարարության ղեկավարը հայտարարել է ֆուտբոլիստի դեմ քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։ Երկուշաբթի Սագիվ Եհեզկելն ազատ է արձակվել կալանքից։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար, աջծայրահեղական «Օցմա Եհուդիտ» (Հրեական ուժ) կուսակցության առաջնորդ Իտամար Բեն-Գվիրը քննադատել է Թուրքիային՝ այդ երկրում իսրայելցի ֆուտբոլիստին ձերբակալելու համար: Քաղաքական գործիչը նախագահ Էրդողանին անվանել է «իսկական նացիստ» և կոչ է արել իսրայելցիներին բոյկոտել Թուրքիան։