Եմենի ափերի մոտ հրթիռակոծվել է ԱՄՆ-ին պատկանող առևտրային նավը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Մեծ Բրիտանիայի ծովային անվտանգության Ambrey ընկերությունը հայտնել է, որ նավը հարձակման է ենթարկվել Եմենի Ադեն քաղաքի մոտակայքում: Ենթադրվում է, որ հարվածն իրականացվել է օդից։
Հունվարի 12-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2722 բանաձևը՝ դադարեցնել Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները։ Միաժամանակ նա Եմենում հակամարտող կողմերին կոչ է արել խուսափել գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիայի խոսքով՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չարաշահել են թիվ 2722 բանաձևը։ Դիվանագետը Եմենին հասցված հարվածներն անվանել է մի խումբ երկրների զինված ագրեսիա մեկ այլ պետության դեմ։ Ռուսաստանի դիրքորոշումը պաշտպանել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին վկայակոչել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը ինքնապաշտպանության իրավունքի վերաբերյալ՝ Եմենի վրա հարձակումը համարելով համաչափ և միջազգային իրավունքին համապատասխան։ Նա նաև ասել է, որ հութիներին համարում է ահաբեկիչներ։