Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիները: Նրանք 18 տարեկանում զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության: Սակայն մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դեպքում այդ քաղաքացիները շարունակում են մնալ հետախուզման մեջ, քրեական հետապնդման տակ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն` միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումար կամ առանց զինվորական ծառայություն անցնելու պետական բյուջե վճարելով համապատասխան գումար: Նշված բոլոր դեպքերում քաղաքացին կազատվի քրեական պատասխանատվությունից:
Հայկ Սարգսյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացվել են տասնյակ առաջարկներ, այդ թվում` տեխնիկական բնույթի: Զեկուցողը նշեց, որ Կառավարությունը դրանցից հավանության է արժանացրել նաև իր առաջարկը, ըստ որի՝ 27 տարի լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 8 միլիոն դրամ՝ նախկին 10 միլիոնի փոխարեն: Ըստ Հայկ Սարգսյանի՝ փոփոխությունը կնպաստի օրենքից օգտվել ցանկացող հավանական շահառուների թվի ավելացմանը:
Հայկ Սարգսյանը նաև նշեց, որ առաջարկներից ընդունվել է նաև մի դրույթ, որին անձամբ հակված չէ, այն է՝ օրենքից կարող են օգտվել նաև 27 տարին լրացածները:
Նախագծի քննարկումը կշարունակվի վաղը՝ հունվարի 16-ին մեկնարկող նիստին: